Մայրաքաղաքի Շինարարների փողոցում քանդման ենթակա կրպակների և խանութների տերերը բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ սեփականատերերին հայտնել էին, որ խանութները, ըստ էության, քանդվում են առանց փոխհատուցման, մինչդեռ հանրային գերակա շահ ճանաչվելու պարագայում դա պարտադիր պահանջ է։ Սեփականատերերի փոխանցմամբ՝ իրենց ասել են, որ եթե ցանկանում են փոխհատուցում ստանալ, դիմեն դատարան։ Տասնյակ մարդիկ զրկվում են ապրուստի միջոցից։

Վրդովված քաղաքացիները հոկտեմբերի 12-ի առավոտյան հավաքվել են քաղաքապետարանի մոտ։

«Մեկ-երկու օր առաջ եկել, հայտնել են, որ օրինական խանութը պետք է ապամոնտաժվի։ Ինչպե՞ս կարելի է տնտեսվարողին մեկ կամ երկու օր ժամանակ տալ տարածքն ազատելու համար։ Շրջում են Շինարարների փողոցով ու ահաբեկում մարդկանց։ Եթե սա անձնական հետաքրքրություն է կամ անձնական նախաձեռնություն, ապա ապօրինի է։ Ինչպե՞ս կարելի է այդպես հեշտ որոշել ու խլել սեփականությունը», — վրդովվել է սեփականատերերից մեկը։ Տղամարդը պատմել է, որ երկար տարիներ ապրել է Եվրոպայում, իսկ ընտանիքը Հայաստան է վերադարձել որդու պնդմամբ, ով որոշել է ծառայել հայկական բանակում և այժմ մարտական հերթապահություն է իրականացնում դիրքերում։ «Հիմա նա ի՞նչ սրտով է այնտեղ», — հարց է բարձրացրել տղամարդը։

Հավաքվածները հայտնել են, որ խոսքը թույլտվություն ունեցող 80-100 կրպակի և խանութի քանդման մասին է։ «Ապօրինի կառույցներ լինեին, ոչինչ չէինք ասի։ Բայց մենք բոլոր փաստաթղթերն ունենք։ Չի կարելի բանավոր որոշմամբ վերցնել ու քանդել։ Սա ապօրինություն է և պետք է պատժվի»։

Խանութները որոշվել է քանդել մինչև տարեվերջ կամ գալիք տարվա սկզբին։ «Չգիտենք՝ ի՞նչ ծրագրի շրջանակում։ Մարդիկ գոնե ժամանակ են խնդրում, որպեսզի գույքը դուրս բերեն։ Մեզանից ձեռք են քաշում, ասում են՝ ինչ ուզում եք, արեք։ Իսկ եթե բոլորը սկսեն անել այն, ինչ ուզում են։ Սա ապօրինություն է, որը քաղաքապետը խրախուսում է։ Գերակա շահը իրագործվում է փաստաթղթերով, այլ ոչ թե բանավոր կարգադրությամբ։ Վարչական շրջանի ղեկավարը խոստացել էր, որ օրինական կառույցները չեն քանդվելու», — նշել է բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ հավելելով, որ քաղաքապետը մեկ որոշմամբ ցանկանում է ոչնչացնել տարիների ընթացքում ստեղծվածը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ։

Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հանրային գերակա շահ ճանաչվելու դեպքում շինությունը կարող է քանդվել առանց դատարանի որոշմանը սպասելու։