ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեղեկություններ չունի Երևանում սպասվող COP-17-ին Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ։

Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ գրանցումն իրականացնում է քարտուղարությունը, իսկ հայկական կողմին հայտնի են միայն գրանցվածների ընդհանուր տվյալները․ դրանք ավելի քան 13 հազարն են, սակայն ավելի կոնկրետ տեղեկատվություն չկա։

Հարցին, թե արդյոք հնարավոր չէր սահմանափակել միջոցառման ծախսերը, որոնք պետական բյուջեի համար հարյուր միլիոնավոր դրամներ են արժենալու, Աբիսողոմոնյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է պահպանել ՄԱԿ-ի չափանիշները։ Փոխնախարարն ասվածը պարզաբանեց թերմոսների օրինակով․ կան ավելի էժանները, բայց դրանք պլաստիկից են, իսկ բնապահպանական միջոցառման ժամանակ պլաստիկը տեղ չունի։ Այս չափանիշները տարածվում են ամեն ինչի վրա՝ սենյակի չափսերից մինչև աթոռները։ Թե կոնկրետ որքան կարժենա միջոցառումը, Աբիսողոմոնյանին հայտնի չէ, բայց նա վստահ է, որ թվերը կհրապարակվեն Շրջակա միջավայրի նախարարության կողմից (որն էլ անցկացնում է միջոցառումը)՝ COP-ից հետո։ Ընդ որում, փոխնախարարը համոզված է, որ ծախսերը կփոխհատուցվեն, քանի որ COP-ը երկրի համար մեծ հնարավորություններ է բացում թե՛ երկկողմ շփումների, թե՛ քաղաքական ու տնտեսական առումներով։

Նրանից հետաքրքրվեցին նաև, թե ինչպես են իշխանությունները մտադիր հյուրերին պաշտպանել Երևանի աղտոտված օդից, ինչին փոխնախարարը խուսափողական պատասխան տվեց՝ ակնարկելով, թե գագաթնաժողովի անցկացումը չի նշանակում խնդիրների բացակայություն, այլ, ընդհակառակը, կոչված է նպաստելու դրանց լուծմանը։ Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությանը, Աբիսողոմոնյանը նշեց, որ քարտուղարությունը դեռևս տվյալներ չի փոխանցել։

Ազգային ժողովում TRIPP նախագծի քննարկման հարցի առնչությամբ փոխնախարարը հայտնեց, որ գործընթացն ընթացքի մեջ է․ առանց կոնկրետ ժամկետներ նշելու՝ նա կարծիք հայտնեց, որ համաձայնագիրը կներկայացվի մինչև հոկտեմբերի վերջ։

Ընդլայնելով հարցերի շրջանակը՝ լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին նաև ԱԷԿ-ի ճակատագրով, ինչին ի պատասխան նա մեջբերեց վարչապետի խոսքերը, թե ատոմակայանի վերաբերյալ որոշում դեռ չկա, բոլոր առաջարկներն ուսումնասիրվում են, իսկ շուկայում դրանք բազմաթիվ են։

Ռոբերտ Աբիսողոմոնյանին հարցրին նաև աշխատավարձերի բարձրացման մասին։ Ըստ ամենայնի, փոխնախարարը դատապարտելի բան չի տեսնում պաշտոնյաների աշխատավարձերի կտրուկ բարձրացման մեջ՝ աղքատության բարձր մակարդակի, գործազրկության, ցածր թոշակների ու նվազագույն աշխատավարձերի ֆոնին։