Սա Ազգային ժողովում, կառավարությունում աշխատավարձերի բարձրացումների շքերթի քաղաքապետարանյան շարունակությունն է, որին մենք դեմ ենք, չենք ողջունում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացմոնը, որի արդյունքում քաղաքապետ Ավինյանի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, թաղապետերինը՝ 1.8 մլն դրամ։
«Սա միջին վիճակագրական ՔՊ-ական մոտեցում է՝ մարդկանց կյանքը թանկացնել, ծառայությունները թանկացնել, իրենց եկամուտները ավելացնել։ Ինչ իրենք եկել են իշխանության, թանկացել է տրանսպորտը, թանկացել են կարմիր գծերը, թանկացել է գույքահարկը, թանկացել են տեղական վճարները, քաղաքը թաթախված է խցանումների մեջ, էկոլոգիական խնդիրների մեջ։ Քաղաքը ունի տարաբնույթ մարտահրավերներ, քաղաքացու գրպանն են մտել, բյուջեն ավելացրել են, բայց քաղաքի խնդիրները չեն պակասել, իրենց եկամուտները ավելացել են, հիմա դրա լավը ո՞րն է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ եռապատկվում է նաև ավագանու անդամներին, այդ թվում ընդդիմադիր անդամներին տրվող գումարը՝ 75 հազար դրամից դատռնալով 225 հազար դրամ, Սուքասյանն ասաց, որ այդ որոշումը կայացվել է դեռևս հուլիսին և ուժի մեջ է մտել օգոստոսից. «Ավագանու ընդդիմադիր անդամների ֆինանսական բարեկեցության մասին մտածելով չի, որ այդ քայլը արել են, այլ սեփական ավագանու անդամների կարիքները բավարարելու համար»,–ասաց նա։











