Պորտուգալիայի իշխանությունները Ալգարվե շրջանի ափերի մոտ միջազգային հակաթմրամիջոցային գործողության ընթացքում 3,7 տոննա կոկաին են առգրավել, հաղորդում է Euronews-ը։
Արագընթաց նավակի կասեցման ժամանակ նավի վրա գտնվող երեք կասկածյալներից մեկը ստացել է ծանր վնասվածքներ և հետագայում մահացել։ Մյուս երկուսը ձերբակալվել են։
Ինչպես հայտնել է Պորտուգալիայի դատական ոստիկանությունը, գործողությունն իրականացվել է կիրակի օրը՝ մի քանի ամիս տևած հետաքննությունից հետո, որը վերաբերում էր հանցավոր խմբի գործունեությանը։ Այդ խումբն արագընթաց նավերով խոշոր խմբաքանակներով թմրանյութեր էր տեղափոխում Եվրոպա։
Թմրանյութերով նավակը հայտնաբերվել և կասեցվել է Ֆարու քաղաքից մոտ 80 ծովային մղոն դեպի հարավ։ Ոստիկանության տվյալներով՝ նավն արդեն իրավապահների հսկողության տակ էր որպես կասկածելի։ Նավի վրա հայտնաբերվել են նաև տարբեր առարկաներ, որոնք օգտագործվել են նավարկության և բեռի փոխադրման համար։
Լիսաբոնի դատական ոստիկանության ղեկավար Ժուան Օլիվեյրան խմբավորումն անվանել է հերթական միջազգային հանցավոր կազմակերպություն, որը ձգտում էր մեծ ծավալներով կոկաինի մատակարարումներ կազմակերպել Եվրոպա։ Ըստ նրա՝ ցանցի անդամներն օգտագործում էին այսպես կոչված narcolanchas՝ արագընթաց նավակներ, որոնք վերջին շրջանում լայնորեն կիրառվում են թմրանյութերի տեղափոխման համար։
Երբ իրավապահները փորձել են բաց ծովում կանգնեցնել նավը, անձնակազմը չի ենթարկվել նրանց պահանջներին։ Հետապնդման ընթացքում բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կասկածյալներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ նա մահացել է։
Անձնակազմի մյուս երկու անդամները, որոնք երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ են, ձերբակալվել են։ Նրանց պետք է տեղափոխեն Լիսաբոնում դատավորի մոտ, որը կորոշի հնարավոր մեղադրանքների և խափանման միջոցի հարցը։
Mare Nostrum ծածկանունով գործողությունն իրականացվել է Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծովային վերլուծության և գործողությունների եվրոպական կենտրոնի (MAOC-N) համակարգմամբ։ Գործողությանը մասնակցել են Պորտուգալիայի ռազմածովային ուժերը, երկրի ծովային ոստիկանությունը, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան և Իտալիայի ֆինանսական գվարդիան։
Առգրավումը միջազգային հետաքննության արդյունք էր, որն ուղղված էր այն ցանցի գործունեության կասեցմանը, որն արագընթաց նավեր էր օգտագործում եվրոպական մայրցամաք կոկաին հասցնելու համար։





























