Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին, հայտնել է մարզպետ Պավել Մալկովը։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով ՆՎԳ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ռյազանի մեկ այլ ձեռնարկության տարածքում վնասվել են պահեստը և ավտոմեքենաները, հավելել է նա։ Տուժածների մասին Մալկովը չի հաղորդել։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային տելեգրամյան ալիքը վաղ առավոտյան հրապարակել է Ռյազանի ՆՎԳ-ի վրա բարձրացող բոցի լուսանկարը՝ ենթադրելով, որ դա կապված է ԱԹՍ-ների հարձակման հետ։

Անօդաչուների հարձակման պատճառով հոկտեմբերի 15-ին Ռյազանի Օկտյաբրսկայա և Սովետսկայա շրջանների մի հատվածում չեղարկվել են դպրոցական դասերը և մանկապարտեզների հաճախումները։ Մալկովի գրառումից հետևում է, որ դասերը չեղարկվել են 14 դպրոցում և 25 մանկապարտեզում։

Նախորդ օրը երեկոյան Մալկովը հայտնել էր, որ մեկ օրում մարզի երկնքում խոցվել է 23 անօդաչու թռչող սարք։ Նրա տվյալներով՝ տուժածներ և վնասներ չեն եղել։