Ես վճռականորեն աջակցում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին և հույս ունեմ, որ դրա իրագործումը շատ արագ կընթանա բոլոր ուղղություններով։ Այս մասին հոկտեմբերի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ հարցին։

«Սա ուղղություններից միայն մեկն է, կան նաև այլ ուղղություններ։

Շատ մեծ հույս ունեմ, որ գործընթացը կընթանա արագացված տեմպերով, որպեսզի խաղաղության համաձայնագիրը հասցվի ավարտին, և լուծվեն բոլոր մնացած հիմնախնդիրները»,- նշել է նա։

«Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ կյանքի կոչել խաղաղության համաձայնագրի բոլոր կողմերը, ինչը, իհարկե, ներառում է նաև գերիների հարցը», — հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։