Հայաստանը ոսկու և պղնձի նոր հանքավայրերի հայտնաբերման, ինչպես նաև կենսական նշանակության հանքանյութերի ուսումնասիրման ներուժ ունի։ Այդ հնարավորությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ներգրավել ներդրումներ և իրականացնել համապատասխան աշխատանքներ։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում, Mining Armenia Forum 2026-ի շրջանակում, հայտարարել է Lydian Armenia-ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Ըստ Ալոյանի՝ Հայաստանը հանքարդյունաբերության հետագա զարգացման հնարավորություններ ունի, այդ թվում՝ երկրաբանական հետախուզության և կենսական նշանակության հանքանյութերի ուսումնասիրման ուղղություններով։ Այդ ներուժն իրացնելու համար անհրաժեշտ է ներդրումների ներգրավում և համապատասխան հետազոտությունների իրականացում։

Խոսելով Mining Armenia Forum-ի նշանակության մասին՝ Ալոյանը նշել է, որ հարթակը միավորում է հանքարդյունաբերական և երկրաբանական հետախուզական ընկերությունների, կառավարության և տեղական համայնքների ներկայացուցիչներին։ Մասնակիցները կարող են համատեղ քննարկել տարբեր խնդիրներ և հարցեր, ինչպես նաև դրանց լուծման մոտեցումներ մշակել։

Ըստ նրա՝ ֆորումը միաժամանակ տեղեկատվական գործառույթ է կատարում՝ ինչպես պետական մարմինների և հանքարդյունաբերական ընկերությունների, այնպես էլ տեղական համայնքների ներկայացուցիչների համար։

Ալոյանը նշել է, որ ֆորումն անցկացվում է արդեն երրորդ անգամ և տարեցտարի ընդլայնվում ու զարգանում է։ Նա հավելել է, որ միջոցառման նկատմամբ միջազգային ընկերությունների, խորհրդատուների և մասնագետների հետաքրքրությունն աճում է։

Ֆորումի հիմնական արդյունքը նա անվանել է միջազգային փորձի փոխանակումը։ Ալոյանն ընդգծել է, որ պանելային քննարկումներին մասնակցում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, իրավաբաններ և փորձագետներ, որոնք իրենց փորձով կիսվում են հայ գործընկերների հետ։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Lydian Armenia ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։