Ինդոնեզիայում վերջին շաբաթների ընթացքում փրկել են տասնյակ օրանգուտանների, որոնք լայնածավալ անտառային հրդեհների պատճառով վտանգի տակ էին, հաղորդում է AFP-ն։

Հրդեհների ծուխը Հարավարևելյան Ասիայի մի մասը պատել է թունավոր մշուշով՝ առաջացնելով օդի վտանգավոր աղտոտվածության երկարատև շրջան, հայտնել են բնապահպանական կազմակերպությունները։

Արևմտյան Կալիմանտանի բնապահպանական գերատեսչության և ինդոնեզական YIARI ոչ առևտրային կազմակերպության տվյալներով, օգոստոսի 6-ից մինչև հոկտեմբերի 19-ը այս նահանգում տարհանել են 51 օրանգուտան։ Ինդոնեզիայի անտառային տնտեսության նախարարության գնահատմամբ, վերջին ամիսներին Կալիմանտանում փրկված կենդանիների ընդհանուր թիվը կարող է հասնել 96-ի։ Պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն հստակեցրել այս տվյալները։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, երեք բնապահպանական կազմակերպություններ Կենտրոնական Կալիմանտանի Համպանգեն գյուղում փրկել են 20-ամյա արու օրանգուտանի։ Հանգստացնող դեղամիջոց ներարկելուց հետո անասնաբույժները զննել են կենդանուն, ապա նրան տեղափոխել վերականգնողական կենտրոն։

«Մենք փորձեցինք ստուգել տարածքը և հայտնաբերեցինք, որ անտառի այս փոքր հատվածներում դեռ մնացել են ևս մի քանի օրանգուտաններ», — պատմել է WWF Indonesia-ի բնապահպանական աշխատանքների համակարգող Ֆենկի Վիրադան։

Անտառային հրդեհները խաթարել են նաև տարածաշրջանի բնակիչների առօրյա կյանքը։ Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության տվյալներով, օգոստոսի կեսերից մշուշը ազդել է մոտ 2400 ավիաչվերթի վրա։ Վատ տեսանելիության պատճառով ինքնաթիռների թռիչքները հետաձգվել, չեղարկվել կամ վերաուղղվել են։ Ինդոնեզիայում, Մալայզիայում, Սինգապուրում և Արևելյան Թիմորում փակվել են դպրոցներ, ավելի հաճախակի են դարձել շնչառական խնդիրները, իսկ իշխանությունները սահմանափակել են բացօթյա պարապմունքները։

Սինգապուրում օդի անառողջ որակի շրջանը դարձել է ամենաերկարը 2015 թվականի աղտոտման ճգնաժամից ի վեր։ Երկրի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, ներկայիս դրվագը սկսվել է հոկտեմբերի 5-ին։ Կիրակի օրը արևմտյան շրջաններում PM2.5 մանր դիսպերս մասնիկների խտությունը շարունակում էր բարձր մնալ, իսկ աղտոտվածության ցուցանիշները ժամանակ առ ժամանակ հասնում էին շատ բարձր մակարդակի։

Փորձագետները երկարատև հրդեհները կապում են չորային պայմանների և Էլ Նինյո երևույթի հետ, որը տարածաշրջանում ուժեղացնում է տեղումների պակասը։ Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանի մթնոլորտային փորձագետ Վան Ցզինյույը նշել է, որ անձրևների պակասը խոչընդոտում է հրդեհների մարմանը։