Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցները հատել են «կարմիր գիծը» և նախազգուշացրել է բռնության իրավական և ֆինանսական հետևանքների մասին։ Երկրում զանգվածային ցույցերը շարունակվել են երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հաղորդում է Euronews-ը։

Ռամայի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Ալբանիայում շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Անցած շաբաթ լարվածությունն աճել է, երբ ցույցերին միացել է ուսանողական շարժումը, որը պահանջում է միջոցներ ձեռնարկել ուսման բարձր վարձավճարների պատճառով։

«Բողոքի ակցիաներն իրավունք են, իսկ բռնությունը՝ հանցագործություն։ Ժողովրդավարական զարգացման այս վճռորոշ փուլում մենք հաստատակամորեն կպաշտպանենք այդ կարմիր գիծը»,- գրել է Ռաման սոցիալական ցանցերում։ Նա խաղաղ ցուցարարներին կոչ է արել հեռու մնալ անկարգությունների մասնակիցներից և հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության բոլորի հետ, բացի նրանցից, ովքեր դիմում են բռնության կամ չեն դատապարտում այն։

Վերջին օրերին ոստիկանության հետ բախումներն ուղեկցվել են շենքերի հրկիզմամբ, հրկիզիչ խառնուրդով շշերի կիրառմամբ և հրավառության արձակմամբ դեպի իրավապահներ։ Ոստիկանությունը կիրառել է ռետինե գնդակներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Ըստ լրատվամիջոցների՝ անկարգությունների հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ ոստիկաններ։

Սակայն բողոքի ակցիաների մասնակիցները հայտարարում են, որ մտադիր չեն դադարեցնել ելույթները մինչև վարչապետի հրաժարականը։ «Մենք կշարունակենք մեր շարժումը, քանի դեռ Ռաման չի հեռացել։ Մենք հանցագործներ չենք. ցանկանում ենք սոցիալական խաղաղություն և կյանքի ավելի լավ պայմաններ մեր երկրում»,- Ֆրանսպրես գործակալությանը հայտարարել է 22-ամյա ուսանող Լեկա Սինան։ Միաժամանակ նա ընդունել է, որ բռնությունը խնդրի լուծում չէ, և կառավարությանը կոչ է արել լրջորեն վերաբերվել դժգոհության պատճառներին։

Իր հերթին Ռաման փորձել է անկարգությունների պատասխանատվությունը բարդել արտաքին միջամտության վրա։

Եվրոպական հանձնաժողովը դատապարտել է բռնությունը՝ ընդգծելով, որ դրան տեղ չկա ժողովրդավարական հասարակությունում, իսկ իշխանությունների գործողությունները պետք է մնան օրինական և համաչափ։ Բրյուսելը միաժամանակ կոչ է արել տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով և կառուցողական երկխոսության միջոցով՝ հիշեցնելով Ալբանիայի՝ ԵՄ-ին միանալու ձգտման մասին։