Fiat-ը նոր կոմպակտ էլեկտրամեքենա է պատրաստում, որը կդառնա Panda-ի էլեկտրական համարժեքը և կստեղծվի վերածնված Citroën 2CV-ի հետ նույն հարթակի վրա, հայտնում է Autocar-ը։

Նորույթը կարող է ստանալ Koala անվանումը․ իտալական ավտոարտադրողն արդեն գրանցել է այդ անունը։

Մոդելի պատրաստման մասին Փարիզի ավտոսրահում պատմել է Fiat-ի ղեկավար Առնո Բելոնին։ Նա նշել է, որ ընկերությունն աշխատում է մի քանի ավտոմեքենաների մշակման ուղղությամբ՝ Stellantis-ի փոքր էլեկտրամեքենաների նոր հարթակի հիման վրա։ Ապագա մոդելներից մեկը սերտորեն կապված կլինի ցուցահանդեսում ներկայացված վերածնված Citroën 2CV-ի կոնցեպտի հետ։ Սերիական ֆրանսիական ավտոմեքենայի թողարկումը սպասվում է 2028 թվականին։

Fiat-ի դիզայնի տնօրեն Ֆրանսուա Լեբուանը նշել է, որ իտալական էլեկտրամեքենայի մշակումն առաջ է գնացել մոտավորապես այնքան, որքան 2CV-ի վրա աշխատանքը, սակայն ընկերությունը որոշել է առայժմ չցուցադրել նորույթը, որպեսզի ֆրանսիական բրենդի շնորհանդեսի ընթացքում ուշադրությունը չշեղի իր կողմ։

Նոր մոդելը կդառնա Fiat-ի՝ փոքր և մատչելի ավտոմեքենաների շարքի թարմացման ռազմավարության մի մասը։ Այժմ այս սեգմենտի հիմքը կազմում են ներքին արյման շարժիչով աշխատող Panda-ն, որը հայտնի է նաև որպես Pandina, և Fiat 500-ը։ Ընկերությունը մտադիր է պահպանել ներքին այրման շարժիչով մատչելի ավտոմեքենաների առաջարկը՝ միաժամանակ զարգացնելով էլեկտրական ուղղությունը։

Սպասվում է, որ նորույթը կօգտագործի Panda-ի ճանաչելի գծերը, սակայն չի դառնա մոդելի նախկին տարբերակներից որևէ մեկի ուղիղ կրկնությունը։ Լեբուանն ընդգծել է, որ Fiat-ը կընտրի դիզայնի սկզբունքորեն այլ մոտեցում և չի ստեղծի ռետրո ոճի ավտոմեքենա՝ նոր Citroën 2CV-ի օրինակով։

Koala անվանումը տեղավորվում է Fiat-ի ավանդույթի մեջ՝ Panda ընտանիքի մոդելներին արջերի անուններ տալու հարցում։ «Այժմ Koala-ն պատկանում է Fiat-ին։ Մենք ունենք Koala, Panda և Grizzly»,- կատակել է Բելոնին։ Ընդ որում, Kodiak անվանումն ընկերությունը չի կարողանա օգտագործել, քանի որ այդպես է կոչվում Skoda-ի խոշոր ամենագնացը։

Դիզայներական գաղափարների աղբյուրներից մեկը կարող է դառնալ Ippo կոնցեպտը, որը հաղթել է Fiat-ի մրցույթում իտալական համալսարանների ուսանողների շրջանում։ Անկյունավոր հեչբեքը հիշեցնում է Panda-ի նախորդ սերունդները։ Ընկերությունը հետաքրքրվել է նաև Lumo Su Misura և Fizz նախագծերով։ Մրցույթի յոթ մասնակիցներ ստացան պրակտիկա Fiat-ի դիզայն-ստուդիայում, որոնցից չորսը շարունակում են աշխատել ընկերությունում։

Մատչելի էլեկտրամեքենաների նոր դասի համար եվրոպական կանոնները, որոնց վրա կողմնորոշվում է մշակումը, դեռ ընդունված չեն։ 2025 թվականին առաջարկված նախաձեռնությունը կոչված է խթանելու 4,2 մետրից կարճ ավտոմեքենաների թողարկումը և նվազեցնելու էլեկտրատրանսպորտի անցման արժեքը։