Հակամարտությունները, անվտանգության բացակայությունն ու ինստիտուցիոնալ անկայունությունը խոչընդոտում են կենսաբազմազանության պահպանման գլոբալ պարտավորությունների կատարմանը, սակայն այս գործոնները մինչ օրս ուղղակի արտացոլում չեն գտել ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթերում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Վայրի բնության պահպանության ընկերության (Wildlife Conservation Society) իրավունքների և տեղական համայնքների հարցերով գործադիր տնօրեն, Նյու Յորքի խաղաղության ինստիտուտի հաշտարար Սուշիլ Ռաջը։

Ռաջի խոսքով՝ բնությունն ու կենսաբազմազանությունը կարող են հնարավորություններ ստեղծել փոխգործակցության, համագործակցության և ընդհանուր նպատակների իրագործման համար։ Միևնույն ժամանակ, բնական պաշարների կառավարումը կարող է վերածվել մրցակցության, առանձին խմբերի մեկուսացման և հակամարտությունների աղբյուրի։ Նա նշեց, որ կոնֆլիկտային միջավայրը խանգարում է բնապահպանական գործունեությանը, նախանշված թիրախների իրագործմանը, կենսաբազմազանության մշտադիտարկմանը, ֆինանսավորման ապահովմանն ու համագործակցության զարգացմանը։ Ռաջը ողջունեց այն փաստը, որ առաջընթացի մասին գլոբալ զեկույցի առաջին նախագծում հակամարտություններն ու ինստիտուցիոնալ անկայունությունը ճանաչվել են որպես Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման խոչընդոտներ։ Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ այդ արձանագրումը պետք է հանգեցնի հստակ գործողությունների։

Բանախոսի խոսքով՝ խաղաղության հարցերը բարձրաձայնվել են նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի նախորդ համաժողովներում, սակայն անհրաժեշտ են հետագա քայլեր։ Նա կարծում է, որ 2030 թվականից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրում պետք է ներառել խաղաղության և անվտանգության հարցերը՝ նախատեսելով միջոցառումներ, որոնք թույլ կտան պաշտպանել բնությունն ու մարդկանց հակամարտությունների և անկայունության գոտիներում։ Ռաջը պարզաբանես, որ այդ նպատակով կարող են կիրառվել ֆինանսական աջակցության, կարողությունների զարգացման և մշտադիտարկման ցուցանիշների գործիքակազմերը։

Ռաջը տեղեկացրեց, որ ձևավորվում է շահագրգիռ կողմերի ցանց, որում ներգրավված են պետություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, բնիկ ժողովուրդներ, տեղական համայնքներ, երիտասարդներ և այլ դերակատարներ։ Բացի այդ, ըստ նրա, նախադրյալներ են ստեղծվում բնության, խաղաղության և անվտանգության փոխկապակցվածության ուսումնասիրությամբ շահագրգռված պետությունների ոչ ֆորմալ կոալիցիա ձևավորելու համար։

Նա ընդգծեց, որ կենսաբազմազանության ոլորտի քաղաքականությունը պետք է հաշվի առնի այն պայմանները, որոնցում գտնվում են պետությունները, բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, աֆրիկյան ծագում ունեցող անձինք և բնակչության այլ խմբերը։ Նրա խոսքով՝ բնապահպանական միջոցառումները պետք է հարգեն մարդու իրավունքները և հաշվի առնեն ինչպես կենսաբազմազանության կորստի, այնպես էլ հակամարտությունների խորքային պատճառները։ Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Ռաջը հղում կատարեց ՄԱԿ-ի՝ բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի պատրաստած հետազոտությանը, որը նվիրված է հակամարտությունների պայմաններում և հետկոնֆլիկտային շրջանում նրանց իրավունքների պաշտպանությանը։ Հետազոտության մեջ, ինչպես ներկայացրեց նա, առանձնացված են հակամարտությունների այնպիսի պատճառներ, ինչպիսիք են պատմական անարդարությունը, հողերից ու ռեսուրսներից զրկելը, ինքնորոշման իրավունքի ժխտումը և համակարգային անհավասարությունը։

Ռաջը նաև ուշադրություն հրավիրեց բնիկ ժողովուրդների վրա հակամարտությունների անհամաչափ ծանր ազդեցության վրա։ Հետևանքների շարքում նա նշեց մշակութային և կառավարման համակարգերի խաթարումը, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ և ռեսուրսների համար մրցակցությամբ պայմանավորված ճնշումները։ Ռաջի համոզմամբ՝ կոնֆլիկտային իրավիճակի գործոնը պետք է անմիջականորեն ներառվի բնապահպանական ծրագրերի պլանավորման և իրականացման գործընթացում։ Դրա համար անհրաժեշտ է ամրապնդել կառավարությունների, երիտասարդության և մյուս շահագրգիռ կողմերի կարողությունները, որպեսզի նրանք առաջնորդվեն «մի՛ վնասիր» սկզբունքով և թույլ չտան, որ բնապահպանական միջոցառումների հետևանքով սրվի առկա լարվածությունը կամ նոր հակամարտություններ ծագեն։ Կենսաբազմազանության պահպանման գլոբալ քաղաքականության մեջ այս հանգամանքների ոչ բավարար հաշվառումը նա գնահատեց որպես բացթողում արդարության ապահովման գործում։ Ինչպես պարզաբանեց բանախոսը, միջազգային պարտավորությունները պետք է հաշվի առնեն այն կառուցվածքային խոչընդոտները, որոնց բախվում են տարբեր պետություններն ու համայնքները, և խթանեն ընդհանուր նպատակներին հասնելու արդար ուղիները։

Անդրադառնալով բնապահպանական ծրագրերի գործնական իրականացմանը՝ Ռաջը նշեց, որ դրանք կարող են նպաստել բնիկ ժողովուրդների և ավանդական համայնքների տարածքներում կառավարման ամրապնդմանը, ներառյալ նրանց հողերի, մշակույթի և կենդանի օրգանիզմների տեսակների պաշտպանությանը։ Նման մոտեցման կարևոր բաղադրիչներ նա համարեց խաղաղաշինությունն ու հակամարտությունների գործոնը հաշվի առնող բնապահպանական գործունեությունը։ Ռաջի խոսքով՝ խաղաղաշինությունը ենթադրում է նաև վեճերի լուծման ավանդական մեթոդների կիրառում, որոնցից օգտվում են բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները։ Նա հավելեց, որ բնապահպանական կազմակերպություններն արդեն իսկ հարմարեցնում են իրենց ծրագրերը կոնֆլիկտային իրավիճակներին, և մասնագետների համար առկա են համապատասխան գործիքակազմեր։

Ռաջը կոչ արեց կառավարություններին և մյուս շահագրգիռ կողմերին՝ օգտագործել բնության, խաղաղության և անվտանգության փոխկապակցվածության նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ իրավատերերի հետ բաց երկխոսություն սկսելու համար։ Նրա կարծիքով՝ նման երկխոսությունն անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում անվտանգությունը տարբեր խմբերի համար, և նախանշելու հետագա քայլերը համաշխարհային բնապահպանական շարժման շրջանակում։