Հիմնականում սոցիալական ծանր պայմաններից ելնելով  Ստամբուլ գաղթած հայաստանցիների երեխաները շարունակում են հաճախել Գեդիկփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցում գործող ընդհատակյա դպրոց, որտեղ պայմանները բարելավել են, նախկինի համեմատ երեխաները սովորում են ավելի լավ կահավորված դասարաններում (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը Ստամբուլում այցելել է հիշյալ դպրոց՝ զրուցելով դպրոցի հիմնադիրներից, տնօրեն Հերիքնազ Ավագյանի հետ:  Տիկին Ավագյանն իր խոսքում կարեւորեց այն հանգամանքը, որ ստամբուլահայ համայնքն արդեն սկսել է ակտիվորեն հետաքրքրվել դպրոցի գործունեությամբ՝ աջակցություն ցուցաբերելով:

«Ստամբուլի հայ համայնքի մոտ կամաց-կամաց վախը վերանում է: Նրանք նախկինում խուսափում էին շփվել կամ առնչություն ունենալ անօրինական գործող դպրոցի հետ:

Ներկայումս Ստամբուլի հայ համայնքից հայտնի ատամնաբույժ տիկին Աիդան ամեն շաբաթվա ընթացքում մեկ օր իր աշխատասենյակում ընդունում է մեր դպրոցի եւ դպրոցի ներսում գործող մանկապարտեզի երեխաներին՝ ստուգում նրանց ատամները, բուժում: Շատ հաճախ նրա մոտ գնալ են ցանկանում նաեւ ատամների հետ խնդիր  չունեցող երեխաները, քանի որ տիկին Աիդան երեխաներին մշտապես նվերներ է տալիս: Աշակերտներին ատամնաբուժարան տեղափոխելու ծախսերը ստանձնել է «Կարիտաս» ընկերությունը, որը բավականին մեծ աջակցություն է ցուցաբերում դպրոցին՝ ապահովելով նաեւ երեխաների սննդի հարցը»,-նշեց Հերիքնազ Ավագյանը:

Անդրադառնալով թուրքական կառավարության որոշմանը, որով թույլատվել է Թուրքիայում անօրինական կարգավիճակում գտնվող հայաստանցիների երեխաներին այցելել Ստամբուլի հայկական դպրոցներ, տիկին Ավագյանը նշեց, թե շատերը հրաժարվում են իրենց երեխաներին ուղարկել Ստամբուլի հայկական դպրոցներ, քանի որ այնտեղ ուսումն իրականացվում է թուրքական ծրագրով, իսկ իրենց մոտ ուսումնական գործընթացը լրիվ համապատասխանում է հայաստանյան կրթական համակարգին:

«Բացի այդ մեր դպրոցի եւ մանկապարտեզի ժամերը հարմար են ծնողների համար, ովքեր աշխատում են: Եթե նախորդ ուսումնական տարում դպրոցում եւ մանկապարտեզում սովորում էին մոտ 60 երեխա, ապա այս տարի նրանց թիվը 84 է»,-ասաց տիկին Ավագյանը՝ հավելելով, որ ավելանում են Հայաստանից Թուրքիա գաղթողները:

Դպրոցի ստեղծման աշխատանքները 2003-ին նախաձեռնել էր ստամբուլահայ Ալեքս Ուզուրօղլուն՝ Հերիքնազ Ավագյանի հետ։  Նրանք դպրոցի համար տեղ հատկացնելու խնդրանքով այն ժամանակ դիմել են Պոլսո Հայոց պատրիարքարան եւ մերժում ստացել։  Հայաստանցի երեխաների կրթության մասին մտահոգվել եւ նրանց տեղ է հատկացրել Գեդիկփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Պատվելի Աղաբալօղլուն, ում վերաբերմունքից մինչեւ հիմա շատ գոհ են թե ուսուցիչները, թե երեխաներն ու նրանց ծնողները։

Դպրոցի ստեղծման ժամանակ աշակերտները 7-ն են եղել, իսկ հիմա նրանց թիվը 60-ի է հասնում։  Նույն վայրում գործում է նաեւ մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական կրթություն են ստանում սկսած 3 տարեկանից։ Իսկ դպրոցում գործում են 1-ից 5-րդ դասարանները։  Ավելի բարձ դասարաններ ստեղծելու հնարավորություններ չկան, քանի որ դրա համար տարածք չկա։ Այսինքն, 5-րդ դասարանից հետո երեխաները կրկին մնում են բախտի քմահաճույքին։ Տղաները սկսում են արհեստներ սովորել, իսկ աղջիկներ ստիպված են տանը զբաղվել ինքնակրթությամբ։  Դպրոցում սովորելու համար ծնողները ստիպված են վճարել, քանի որ այդ գումարներով են վարձատրվում ուսուցչուհիները, ովքեր քիչ աշխատավարձով էլ  համաձայնվել են զբաղվել երեխաների կրթությամբ։ Ծնողերը եւս գոհ են դպրոցից, քանի որ իրենց երեխաները չեն մնում առանց կրթության եւ իրենք էլ կարողանում են հանգիստ գնալ աշխատանքի։  Երեխաներից ոմանք մնում են մինչ ուշ երեկո, քանի որ նրանց ծնողների աշխատանքն ուշ է վերջանում։