Հայաստանի նոր՝ «ալիևյան» Սահմանադրությունը հանրային լայն աջակցություն չի ստանա։ Նոյեմբերի 2-ին խորհրդարանում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման հավաստիացմամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն, այնուամենայնիվ, իշխանությունների նկատմամբ աջակցության բարձր մակարդակ ցույց տվեցին, նա նկատել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վերջին խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանալու վերաբերյալ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ընդհանուր առմամբ ձայների մեծամասնությունը ստացել են ընդդիմադիր ուժերը։

«Այսօրվա իրականությունը հերքում է այն խաղաղության խոստումները, որոնք տալիս էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Փաստացի մենք ունենք զիջումների հերթական պահանջը՝ Սահմանադրության փոփոխություն, սակայն խաղաղություն հաստատված չէ։ Ավելին, մենք հեռանում ենք խաղաղությունից, Հայաստանի Հանրապետությունը հեռանում է խաղաղությունից։ Սա խաղաղություն չէ, սա զիջումներ են՝ զիջումներ առանց խաղաղության», — ընդգծել է նա։ Աբրահամյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» մտադիր է անել ամեն ինչ՝ զիջումների անվերջ շղթան կանգնեցնելու համար։ Հայաստանին, ըստ նրա, անհրաժեշտ է խաղաղություն առանց զիջումների։

Այս համատեքստում պատգամավորը հայտարարել է, որ իր խմբակցությունը դեմ է այսպես կոչված «ալիևյան սահմանադրությանը», քանի որ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի։ «Այն ամենը, ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք։ Բավակա՛ն է։ Իսկ Ադրբեջանը, այդ թվում՝ Հայաստանից հնչող հայտարարությունների և Հայաստանի որդեգրած զիջողական դիրքորոշման շնորհիվ, ամեն անգամ տեսնում է, որ կարող է պահանջել և ստանալ ևս ինչ-որ բան», — հավելել է ընդդիմադիր գործիչը։ Նրա համոզմամբ՝ հենց սրանով է բացատրվում այն, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չի հանգեցնում խաղաղության հաստատման, իսկ Ադրբեջանից հնչում են նորանոր պահանջներ։ Որպես օրինակ՝ պատգամավորը հիշատակել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, թե հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրի։ «Սա վկայում է այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունից հետո ևս Ադրբեջանը կարող է հանդես գալ նոր պահանջներով», — նշել է նա։

Իր հերթին, նույն խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ կետ չի պարունակում։ Նրա խոսքով՝ այս հանգամանքն անհրաժեշտ է արձանագրել։ Նա ուշադրություն է հրավիրել Ազգային ժողովում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը հայտնում է, որ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է փոխի Սահմանադրությունը։ Պատգամավորի խոսքով՝ այսպիսով, փաստացի, ուղիղ բարձրաձայնվում է այն նախապայմանը, որն այսօր առաջ է քաշվում բանակցային գործընթացում։ «Դա նշանակում է, որ մեծ հաշվով նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի համար առաջնահերթություն չէ։ Նրա առաջնահերթությունն Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ կապն է, որը նա, փաստացի, կստանա TRIPP-ի միջոցով», — ընդգծել է պատգամավորը։

Հովսեփյանի խոսքով՝ հենց սրա վրա է «Ուժեղ Հայաստանը» փորձում հրավիրել հանրության ուշադրությունը. Ադրբեջանն ստանում է այն, ինչին ձգտում է, մինչդեռ փաստաթղթերով ամրագրված խաղաղության հասնելու հայ ժողովրդի ձգտումը հետաձգվում է անորոշ ժամանակով։