Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նոյեմբերի 2-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ մեկնաբանել են սահմանադրական հանրաքվեի անցկացման որոշմանն աջակցելու համար ընդդիմության նկատմամբ հնարավոր հանրային ճնշում գործադրելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը հայտարարել է, որ իշխանությունները դեռ չեն ձևակերպել այն առաջարկը, որը մտադիր են ներկայացնել ընդդիմադիր պատգամավորներին՝ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն նրանց աջակցությունն ստանալու համար։ «Վարչապետն ասել է, որ մենք պետք է քննարկենք ու հասկանանք, թե ինչ կարող ենք առաջարկել ընդդիմության մեր գործընկերներին, որպեսզի հանրաքվեի հարցը նրանց համար այլևս անընդունելի չլինի։ Բայց այժմ նման առաջարկ դեռ չկա։ Եթե լիներ, մենք այն կներկայացնեինք հենց այսօր», — պարզաբանել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են առաջիկայում ներկայացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո ընդդիմությունը կկարողանա հայտնել իր դիրքորոշումը։ Զուգահեռաբար իշխող կուսակցության ներկայացուցիչները կշարունակեն քննարկումները՝ ընդդիմադիր գործընկերների հարցերին պատասխանելու, առաջարկներ ձևակերպելու և դրանք ընդդիմությանը ներկայացնելու նպատակով։

Հակոբյանը հույս է հայտնել, որ ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելու անհրաժեշտություն չի առաջանա։ Նրա խոսքով՝ իրենց հարցերի պատասխաններն ստանալուց հետո ընդդիմադիր պատգամավորները կկարողանան որոշում կայացնել հանրաքվեին աջակցելու վերաբերյալ։ «Հուսով եմ՝ բանը ճնշմանը չի հասնի, և ընդդիմության մեր գործընկերները կստանան այն հարցերի պատասխանները, որոնք այժմ հնչեցնում են, և այդ պատասխանները կհամարեն բավարար», — հավելել է խմբակցության քարտուղարը։

Միևնույն ժամանակ Վոլոդյա Հակոբյանը հորդորել է չշտապել ճնշման հնարավոր ժամկետներն ու ձևերը քննարկելու հարցում։ Նրա կարծիքով՝ եթե ընդդիմությունը համարում է, որ նոր Սահմանադրությունը թելադրված է Ադրբեջանի կողմից, չի համապատասխանում հայկական օրակարգին, և Հայաստանի քաղաքացիները դեմ կքվեարկեն դրան, ապա հանրաքվեն հնարավորություն կտա քաղաքացիներին արտահայտելու իրենց դիրքորոշումը։ «Ի վերջո, անհրաժեշտ է հնարավորություն տալ հարցնելու մեր քաղաքացիներին, թե որն է նրանց դիրքորոշումը Սահմանադրության վերաբերյալ, իսկ դա հնարավոր է միայն սահմանադրական հանրաքվեի միջոցով։ Դրա ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր կամքը։ Ուստի, այս փուլում ճնշման ժամկետների ու ձևերի մասին խոսելն, իմ կարծիքով, վաղաժամ է», — եզրափակել է իշխող խմբակցության քարտուղարը։