Մենք խաղաղությանը միանշանակ կողմ ենք, ուղղակի մի հանգամանք. Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է ընդհուպ մինչև ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ, և դա երաշխիք է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը։
«Հիմա ուզում եմ հասկանալ, եթե այդ թուղթը երաշխիք չէր, այսինքն ակնհայտորեն չէր, հիմա իրենք էլ են հերքում, որ դա երաշխիք է եղել, իրենք այս դիսկուրսը բացելով խոսում են մի բանի մասին, որ ոչ մի երաշխիք չունեն, ոչ մի հստակություն չունեն, ոչ մի կանխատեսելիություն չունեն, բայց ԹՐԻՓՓ–ը վավերացրել են։ Մենք ասել ենք, որ ԹՐԻՓՓ–ի հետ կապված էությունը պետք է լիներ խաղաղության պայմանագիր և ԹՐԻՓՓ։ Եթե դուք ուսումնասիրեք ԹՐԻՓՓ–ի համաձայնագրի նախաբանը, կպարզեք, որ այնտեղ ձևակերպումը այնպիսին է, որ խաղաղության պայմանագիրը արդեն ստորագրված է և քննարկվում է ԹՐԻՓՓ–ը, բայց այդպես չեղավ։ Հիմա ուզում եմ հասկանամ, ի՞նչ երաշխիքի մասին են խոսում, թե՞ իրենք էլ են արդեն պատկերացնում, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում երաշխավորների առկայության անհրաժեշտություն կա»,–ասաց նա։
Վարդևանյանը նկատեց, որ Սահմանադրության ընդունումը եղել է արտաքին օրակարգ, արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին. «Իրենք արդեն ընդունում են, որ դա փաստորեն Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական, հասարակական, ժողովրդի օրակարգը չի։ Արարատ Միրզոյանն էլ հստակ արձանագրեց, որ կա ադրբեջանական կողմից նախապայման։
Ելնելով նրանից, որ այս դիսկուրսը բացվել է և փաստորեն արդեն հասարակությունը տեղեկացել է, որ խաղաղության հետ կապված նույնիսկ նվազագույն շեմը բավարարող հստակություն դեռ չկա, որ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը ձև չունեն հիմա ստորագրելու, որովհետև Ադրբեջանը նախապայման ունի, անգամ նախապայմաններ ունի, որ այդ պատասխանը չեն կարողանում տալ, ես կարծում եմ ժողովրդավարական տրամաբանությունը կլիներ, որ այս իշխանությունները այդ ամենը ներկայացնելով հանդերձ, պարզապես հեռանային»,–ասաց նա։











