«Հայաքվե» ընդդիմադիր շարժումը նոյեմբերի 3-ին բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց։
Շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը հայտնել է, որ Հանրային հեռարձակողի խորհրդին նամակ է փոխանցվել՝ խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականի, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության հեռարձակման քաղաքականությունը վերանայելու ու այն հանրության շահերի հուն վերադարձնելու պահանջով։
Չալաբյանը հավելել է, որ նամակն ստորագրել է ավելի քան 300 հասարակական գործիչ։ Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած իրադարձությունները և, նրա գնահատմամբ, դիտավորյալ ժամանցային համերգ է հեռարձակել՝ ավելի սաստկացնելով այն ցավը, որն այդ օրն իր հետ բերում է հայ ժողովրդին։ Նա համոզմունք է հայտնել, որ դա ոչ տեղին որոշում էր, որը վիրավորանք դարձավ հարազատներ ու տուն կորցրած հազարավոր ընտանիքների համար, ուստի սոսկ ներողություն խնդրելը բավարար չէ։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իշխանությունները փորձում են ջնջել ժողովրդի հիշողությունը և իրենց վրայից մաքրել խայտառակ պարտության խարանը, սակայն իրականությունը դրանից չի փոխվում։
«Բացի այդ, ողջ հայ հանրության կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը հանդես չի գալիս ամբողջ հասարակության անունից, ինչպես պահանջում է օրենքը, այլ գործում է որպես գործող վարչակարգի կուսակցական հեռուստաալիք՝ կողմնակալ հեռարձակում իրականացնելով և՛ ընտրություններից առաջ, և՛ դրանց ընթացքում, և՛ խորհրդարանի գործունեությունը լուսաբանելիս։ Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանությունների քարոզչափողի։ Ամեն ինչ ներկայացվում է այնպես, կարծես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է Հայաստանում, որը ճիշտ քաղաքական գիծ է վարում»,- ընդգծել է Չալաբյանը։
Նա հիշեցրել է, որ ընտրությունները լուսաբանելիս Հանրային հեռուստաընկերությունը բացահայտ քարոզչություն է իրականացնում հօգուտ իշխանությունների։ «Հաղորդավար Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ հաղորդումներում բացահայտ կողմնակալ վերաբերմունք է դրսևորվում։ Եթերը ծառայում է իշխանամետ թեզերի առաջմղմանը, իսկ այլախոհների դիրքորոշումը ենթարկվում է մանիպուլյացիայի։ Բացի այդ, Հանրայինի եթերը տրամադրվում է այնպիսի անձանց, որոնք պառակտում են մտցնում երկրի հոգևոր կյանքում և նպատակաուղղված հարվածում են Հայ Առաքելական եկեղեցուն ու ազգային համերաշխությանը»,- հավելել է Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ եթե Հանրային հեռարձակողի խորհուրդն այս պահանջներին լրջությամբ չվերաբերվի, ապա «Հայաքվե» շարժումը կդիմի հետագա օրինական քայլերի։











