Հայաստանում ժողովրդավարությունը մահացել է։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը։
Օրենքները չեն գործում, խիղճը, համոզմունքները, հավատը և ապագայի մեր հույսերը ճաղերի հետևում են, բոլոր հիմնարար սահմանադրական իրավունքները խախտված են, հավելել է պատգամավորը։
Գալստյանը նկատել է, որ երկրի իշխանությունները խոսում են «ժողովրդավարության բաստիոնի» մասին, սակայն բոլոր միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանը շարունակում է մնալ կիսաազատ երկիր՝ ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, իսկ ոստիկանական գործողությունների և խոշտանգումների առումով նույնիսկ հետընթաց կա։
Անդրադառնալով սպանությունների և ինքնասպանությունների խնդրին՝ Գալստյանը հայտարարել է, որ պատկերը խայտառակ է․ մեկ տարվա ընթացքում բանտերում արձանագրվել է մահվան 27 դեպք, որոնցից 10-ը՝ ինքնասպանություն, 17-ը՝ առողջական վիճակով պայմանավորված։ Նրա խոսքով՝ որոշ ՔԿՀ-ներում պահման պայմանները սարսափելի են։ Միաժամանակ նա արձանագրել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտվում է ամեն քայլափոխի։
Նա նշել է, որ ԵԽԽՎ վերջին զեկույցում նրբանկատորեն արտացոլված են իշխանությունների կողմից ընդդիմության հետապնդումների, պատվիրված արդարադատության, ընդդիմախոսների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների փաստերը։ «Իշխանության ճյուղերի միջև սահմանները ջնջված են, ամբողջ իշխանությունը կենտրոնացած է գործադիր իշխանության ձեռքում»։ Քաղաքական ուժերի երեք առաջնորդներ կա՛մ ճաղերի հետևում են, կա՛մ տնային կալանքի տակ․ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է, Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ասել է Գալստյանը՝ թվարկելով այս և այլ առաջնորդների անունները։
Կալանավորված Հայաստանն ազատագրելու ծրագիր կա, և մենք պարտավոր ենք հետևել դրան, եզրափակել է Գալստյանը։











