Հայաստանի կապիտալի շուկայում արձանագրվել է կարևոր նախադեպ. առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պարտատոմսեր է ցուցակել ներդրումային ընկերություն։

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի պարտատոմսերի ցուցակումը ոչ միայն ընդլայնում է բորսայում ներկայացված թողարկողների շրջանակը, այլև նոր հնարավորություններ է ստեղծում ֆինանսական հատվածի ընկերությունների համար՝ կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորում ներգրավելու և իրենց գործունեությունը զարգացնելու ուղղությամբ։

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող։ Ներդրողներն արդեն նոյեմբերի 9-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին` դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի պարտատոմսերը, ընդհանուր 5,000,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվելու է 50,000 պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, հիբրիդային (առաջին 6 ամիսների համար՝ հաստատագրված տարեկան 10.50%, այնուհետև՝ լողացող) տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36-ամսյա շրջանառության ժամկետով։

Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «Ողջունում ենք «Կուբ Ինվեսթ»-ի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում, որն առանձնահատուկ նշանակություն ունի մեր կապիտալի շուկայի համար։ Առաջին անգամ ներդրումային ընկերությունը հանդես է գալիս բորսայում որպես պարտատոմսերի թողարկող՝ ընդլայնելով կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորում ներգրավող ընկերությունների շրջանակը։ Հատկանշական է, որ «Կուբ Ինվեսթ»-ը 2022 թվականից Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է և, ակտիվորեն մասնակցելով շուկայի գործունեությանը որպես ներդրումային միջնորդ, այսօր արդեն օգտվում է նույն շուկայի հնարավորություններից՝ սեփական զարգացման ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։ Սա կարևոր օրինակ է ֆինանսական հատվածի մյուս մասնակիցների համար՝ ցույց տալով, որ կապիտալի շուկան կարող է ծառայել ոչ միայն որպես ներդրումային ծառայությունների մատուցման հարթակ, այլև որպես ընկերությունների ֆինանսավորման և երկարաժամկետ զարգացման արդյունավետ գործիք։ Վստահ ենք, որ այս ցուցակումը կնպաստի շուկայի հետագա զարգացմանը, թողարկողների շրջանակի ընդլայնմանը և նոր ներդրումային հնարավորությունների ստեղծմանը»։

«Մեզ համար պարտատոմսերի ցուցակումը կարևոր փուլ է ընկերության զարգացման ճանապարհին։ Լինելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսեր ցուցակած առաջին ներդրումային ընկերությունը՝ մենք ոչ միայն ընդլայնում ենք սեփական գործունեության զարգացման ֆինանսական հնարավորությունները, այլև մեր ներդրումն ենք ունենում Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում։ Թողարկման արդյունքում ներգրավված միջոցները նախատեսում ենք ուղղել ընկերության իրացվելիության ամրապնդմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու տեխնոլոգիական կարողությունների ընդլայնմանը։ Մասնավորապես, կարևոր ուղղություններից են լինելու թվային հարթակների կատարելագործումը, վեբ և մոբայլ հավելվածների զարգացումը, ինչպես նաև արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ նոր պրոդուկտների մշակումը։ Համոզված ենք, որ կապիտալի շուկայի զարգացման համար կարևոր է նաև ֆինանսական հատվածի ընկերությունների ակտիվ մասնակցությունը՝ ոչ միայն որպես ներդրումային ծառայություններ մատուցողներ, այլև որպես շուկայի թողարկողներ։ Այս տեսանկյունից մեր քայլը դիտարկում ենք ոչ միայն որպես ընկերության աճի նոր հնարավորություն, այլև որպես ներդրում Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնման և ֆինանսավորման նոր հնարավորությունների ձևավորման գործում»,- նշել է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

Հիմնադրվելով 2017 թվականին՝ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն Հայաստանում գործող ներդրումային և բրոքերային ընկերություն է, որը մատուցում է ֆինանսական ծառայություններ՝ կարևորելով թափանցիկությունը, ֆինանսական անվտանգությունն ու հաճախորդների վստահությունը։

2022 թվականից ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է, իսկ հետագա տարիներին ընդլայնել է իր միջազգային համագործակցությունը՝ անդամակցելով Եվրոպայի ֆինանսական շուկաների ասոցիացիային (AFME) և Tabadul հարթակին։ Ընկերությունն իր գործունեության հիմքում դնելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը՝ ձգտում է ներդրումային հնարավորություններն առավել հասանելի դարձնել հաճախորդների համար։ Ընկերության կողմից պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել իրացվելիության մակարդակի բարձրացմանը, ենթակառուցվածքների ընդլայնմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործմանը՝ վեբ և մոբայլ հավելվածների ներդրման միջոցով, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ նոր պրոդուկտների մշակմանն ու շուկա ներկայացմանը։

Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է խթանել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների մուտքը կապիտալի շուկա՝ նպաստելով վստահելի ներդրումային միջավայրի ձևավորմանը և աջակցելով ընկերություններին կապիտալի շուկայի միջոցով ներգրավելու իրենց գործունեության զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։