Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու հիմքեր չկան։ Այդ մասին դատարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը։
Պատասխանելով ակնկալիքների մասին հարցին՝ փաստաբանը նշել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ նիստում դատարանը երկարացրել է Սեդրակ Առուստամյանի և մյուսների կալանքի ժամկետը, տպավորություն է ստեղծվում, որ մյուսների նկատմամբ ևս դատարանը նույն կերպ կվարվի։
Փաստաբանն ընդգծել է, որ մեղադրող կողմը կամ դատարանը պետք է ներկայացնեն կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերը։ Դա չի արվել, հնչում են միայն ձևական խոսքեր։ «Մենք ասում ենք, որ Օլամի դրվագով ձայնագրություններ կան, և կողմերը գիտեն, որ խոսակցությունը ձայնագրվում է, որտեղ Ծառուկյանն ասում է, որ իրենք իրեն պարտք են, և նրանք չեն առարկում։ Հիմա ասվում է, թե Ծառուկյանն է պարտք», - նշել է Սարգսյանը։ Նա հարց է բարձրացրել՝ ինչպե՞ս կարող է Ծառուկյանը խոչընդոտել՝ ասելով, որ ձայնագրությունը ճի՞շտ է։ Սարգսյանն արձանագրել է, որ Ծառուկյանը հետ չի ստացել ծախսած միջոցների մեծ մասը։ «Եթե չի ստացել, ինչպե՞ս է ստացվում, որ խարդախություն է կատարվել։ Վկաներից ոչ մեկը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել, որևէ ապացույց չկա։ Տուժողների հետ բոլոր առերեսումներն իրականացվել են։ Եթե հստակ, ծանրակշիռ ապացույցներ չկան, մարդը չի կարող մնալ կալանքի տակ։ Դատարանն այդ ամենը հաշվի կառնի՞՝ չգիտենք, բայց զգացողություն կա, որ կալանքի ժամկետը կերկարացնի։ Տեսնենք՝ ինչ հիմքով։ Կալանքի ժամկետը երկարացնելու հիմքեր չկան, իսկ Գագիկ Ծառուկյանը տուժող է, ինչպես մենք ասել ենք և հիմնավորել փաստերով»,- ընդգծել է Սարգսյանը։











