Լոս Անջելեսում գործող «Aviern» ընկերությունը մշակում է A1000 անօդաչու բեռնատար ինքնաթիռը, որը նախատեսված է մինչև 460 կգ բեռը 1600 կմ հեռավորության վրա տեղափոխելու համար։ Նախատեսվում է, որ մեկ չվերթի արժեքը կկազմի 1000 դոլար։
Ինքնաթիռի կառուցվածքում բացակայում են օդաչուի խցիկն ու ուղևորային նստատեղերը, ինչի հաշվին բեռների համար ավելի շատ տարածք է ազատվում։ Ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ օդանավը կկարողանա ինքնուրույն մուտք գործել թռիչքուղի, օդ բարձրանալ, ընթանալ նախանշված երթուղիով և վայրէջք կատարել։
Ընկերությունն արդեն իսկ ստեղծել է օդանավի իրանը, ավտոպիլոտը, իրավիճակի գնահատման համակարգը, ինքնավար թռիչքների AviernOS համակարգն ու վերգետնյա կառավարման ծրագրային ապահովումը։ Aviern-ի հիմնադիր Արվին Սինգհի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ում հազարավոր փոքր օդանավակայաններ գրեթե չեն շահագործվում բեռնափոխադրումների համար, քանի որ բեռնատար ինքնաթիռները հիմնականում վայրէջք են կատարում ավիաընկերությունների սպասարկման համար արտոնագրված օդանավակայաններում։ Նմանատիպ բացը կլրացնեն հենց A1000 տեսակի օդանավերը։
Ինչպես փոխանցում է «Техкульт» պարբերականը, 600 կգ թռիչքային զանգված ունեցող Aviern A600 սերիական ինքնաթիռը կարող է մինչև 270 կգ բեռ տեղափոխել շուրջ 1000 կմ հեռավորությամբ։ Նախատեսվում է նաև դրանց միջոցով ռազմական նշանակության բեռներ մատակարարել այնպիսի գոտիներ, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում անձնակազմի համար։
Անօդաչու բեռնատար օդանավի ամբողջությամբ ինքնավար թռիչքը նախանշված է 2027 թվականի առաջին եռամսյակում։ Այս սարքերի կոմերցիոն շահագործումը կախված կլինի կարգավորող մարմինների համապատասխան թույլտվությունից։





























