Շտուտգարտի հետազոտողները նախատեսում են ստեղծել երկու ինքնավար ռոբոտատեխնիկական հարթակ, որոնք կոչված են էապես արագացնելու շենքերի կառուցումը, բարձրացնելու ոլորտի ընդհանուր արտադրողականությունը և նվազագույնի հասցնելու շինարարական թափոնները։ SCALAR և COBRAS անվանումները ստացած ծրագրերի նպատակն է պարզել, թե ինչպես կարող են խելացի մեքենաների խմբերը կառույցներ կառուցել գրեթե առանց մարդկանց մասնակցության։
SCALAR նախաձեռնությունը զարգացնում է փայտե մոդուլային տնաշինության ոլորտը, որտեղ բլոկները նախապես արտադրվում են գործարանում, իսկ շինհրապարակում կատարվում է միայն դրանց տեղադրումը։ Ինժեներները ստեղծում են ամրացման միասնականացված հանգույցներով փայտե կառուցվածքային համակարգ, թվային պլանավորման մեթոդներ և բլոկների ինքնավար միակցման հարթակ։ Առաջադրանքները բաշխվում են մեխանիզմների միջև. լրացուցիչ սարքավորումներով հագեցած կռունկներն ապահովում են տեղափոխումն ու նախնական դիրքավորումը, իսկ շարժական սարքերը կատարում են ճշգրիտ հավաքումը, հաղորդում է «Տեխկուլտը»։ Բոլոր փուլերը նախապես մոդելավորվում են վիրտուալ միջավայրում, որից հետո ավտոմատ համակարգերը կառավարում են գործընթացներն իրական ժամանակում՝ ապահովելով անվտանգության պատշաճ մակարդակ։
Երկրորդ ծրագիրը՝ COBRAS-ը, ուսումնասիրում է էլեկտրական շարժական ռոբոտների թիմերի ներուժը, որոնք միավորվում են տարածական ցանցավոր կառուցվածքներ հավաքելու համար։ Նման թեթև հիմնակմախքները հումքի նվազագույն ծախսով ծածկում են մեծ տարածքներ, իսկ դրանց տարրերը պիտանի են ապամոնտաժման և կրկնակի օգտագործման համար։ Տեխնոլոգիայի տարածման գլխավոր խոչընդոտը բազմաթիվ մանր դետալների ձեռքով հավաքման չափազանց մեծ աշխատատարությունն էր։ Հետազոտողներն այս խնդիրը լուծում են պարսային բանականության միջոցով. մեխանիզմներն իրենց գործողությունները համակարգում են ապակենտրոնացված և ինքնավար կերպով՝ առանց միասնական կառավարման կենտրոնից մշտական հրահանգների։
Այսպիսի ճարտարապետությունը թույլ է տալիս ճկունորեն փոփոխել ներգրավված մեքենաների քանակը՝ ըստ տվյալ նախագծի խնդիրների։ Եթե մի սարքն ուղարկվում է տեխնիկական սպասարկման, մյուսները շարունակում են աշխատանքը՝ բացառելով ամբողջ շինհրապարակի պարապուրդը։ Երկու ծրագրերն էլ արտացոլում են ապագայի անթափոն շինարարության համար ճարտարապետության, նյութագիտության և ռոբոտատեխնիկայի միավորման հայեցակարգը։





























