Կոլումբիայի Վալյե դել Կաուկա դեպարտամենտի Պալմիրա համայնքում անհայտ անձինք պայթուցիկ սարքով հարձակվել են Amaime փոքր հիդրոէլեկտրակայանի վրա։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Celsia էներգետիկ ընկերությունը։

«Amaime փոքր հիդրոէլեկտրակայանն այսօր հարձակման է ենթարկվել (հզորությունը՝ 19,9 ՄՎտ) <...>։ Երկու զինված ահաբեկիչներ կայանի տարածքում պայթուցիկ սարք են գործի դրել։ Պատահարի հետևանքով ենթակառուցվածքը նյութական վնասներ է կրել։ Բարեբախտաբար, տուժածներ և զոհեր չկան», — նշվում է ընկերության X-ի հայտարարությունում։

Ընկերությունն իրավասու գերատեսչությունների հետ համատեղ գնահատում է վնասների ծավալը և նախապատրաստվում էլեկտրակայանի աշխատանքի վերականգնմանը։ Դեպքի վայրը հսկողության տակ են վերցրել Կոլումբիայի բանակի ստորաբաժանումները, իսկ հրշեջները վերացնում են պայթյունի հետևանքները։

Celsia-ն դատապարտել է հարձակումը՝ ընդգծելով, որ նման գործողությունները սպառնում են աշխատակիցներին ու երկրի բնակիչներին, ինչպես նաև վտանգում կենսական նշանակության էներգետիկ ենթակառուցվածքի անվտանգությունը։