Google-ի սովորական լոգոտիպը կրկին փոխարինվել է տոնականով. Ինտերնետ-հսկան նշում է աշխարհում ամենահայտնի ոսկերչի Կարլ Ֆաբերժեի 166-ամյակը: Google-ի տառերը փոխարինվել են Զատկի հայտնի ձվերով, իսկ  G եւ  e  տառերը նշմարվում են նրանց հետեւից:

Հետագայում «Նորին Մեծության կայսեր ոսկերչի» վաստակավոր տիտղոսը ստացած Պետեր Կարլ Ֆաբերժեն ծնվել է 1846 թվականի մայիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում: Ոսկերչության արհեստը սովորել է Գերմանիայում, իսկ արդեն 1870 թվականին սկսել է տնօրինել հոր ոսկերչական ընկերությունը:

Իրեն համաշխարհային համբավ բերած զատկի առաջին ձվերը Ֆաբերժեն ստեղծել է 1885 թվականին: Դա Ալեքսանդր III կայսեր Զատկի անակնկալն էր իր կնոջը` Մարիա Ֆեոդորովնային: Դրսից այն պատված էր  սպիտակ էմալով, իսկ ոսկե դեղնուցի մեջ թաքնված էր փոքրիկ հավ, որի մեջ ռուբինե թագ էր: Այդպիսի յուրահատուկ նվերից հետո,  այդպիսի պատվեներ Ֆաբերժեն սկսեց ստանալ ամեն տարի: Նիկոլայ  II կայսրը պահպանեց այդ ավանդույթը, սակայն նրա օրոք Ֆաբերժեի արհեստանոցի վարպետները տարեկան պատրաստում էին այդպիսի երկու ձու` մեկը կայսեր մոր, մյուսը` կնոջ համար:

Ֆաբերժե ընկերությունը ստեղծել է մոտ 15 ձու նաեւ մասնավոր պատվիրատուների համար: Ընդհանուր առմամբ, պատմաբաններին հայտնի է Ֆաբերժեի 71 ձեւ, որոնցից 54-ը ստեղծվել են Ռուսաստանի կայսրերի պատվերով: Մեր օրեր է հասել Ֆաբերժեի 62 Զատկի ձու, որոնցից 46-ը` կայսրերի պատվերով:

Ֆաբերժեն ստեղծել է նաեւ այլ տարաբնույթ առարկաներ` կանանց զարդեր, լամպեր, զանգեր, ժամացույցներ, որոնք առանձնացել են նրբագեղությամբ ու կատարելությամբ: