Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանն արժանացել են ԱՄՆ բարձրագույն պարգեւի: Քաղաքական եւ հասարակական գործիչների հետ մեկտեղ, որոնց թվում նաեւ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն է, նա ստացել է նախագահական Ազատության մեդալ:
Բարաք Օբաման, պարգեւը հանձնելով Դիլանին, նշել է, որ ամերիկյան երաժշտության պատմության մեջ չի եղել ավելի մեծ երաժիշտ:
«Այսօր բոլոր կատարողները, սկսած Բրյուս Սփրինգսթինից մինչեւ U2 խումբը պետք է Դիլանին շնորհակալություն հայտնեն», - ասել է Օբաման, ով, իր իսկ խոստովանությամբ, երաժիշտի մեծ երկրպագուն է:
Բոբ Դիլանի երգերն ազատության իսկական հիմն են դարձել այն տարիներին, երբ ամերիկյան հանրությունը բողոքում էր Վիետնամի պատերազմի դեմ եւ պայքարում մարդու իրավունքների համար, գրում է rbc-ն:
Օբաման նաեւ բավականաչափ ջերմ խոսքեր է գտել Մադլեն Օլբրայթի հասցեին: Նախագահի խոսքով` «այդ կնոջ տղամարդկությունը Բալկաններին խաղաղություն շնորհեց»:
Օլբրայթը Բիլ Քլինթոնի օրոք ղեկավարում էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ Հարավսլավիայի դեմ ռազմական գործողության գլխավոր նախաձեռնողներից էր: Այդ պատերազմի արդյունքը եղավ Կոսովոյի փաստացի անկախությունը:
Պարգեւը շնորհվել է նաեւ աստղանավորդ Ջոն Գլենին` Երկրի ուղեծրին հասած առաջին ամերիկացուն, բժիշկ Ուիլյամ Ֆոգին, կանանց բասկետբոլային թիմերի մարզիչ Փեթ Սամիթին, գրող Թոնի Մորիսոնին, որը 1993թ. դարձավ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին աֆրոամերիկուհին, ԱՄՆ Գերագույն դատարանի նախկին դատավոր Ջոն Փոլ Սթիվենսին, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին:
Հետմահու մեդալ է ստացել Յան Կարսկին, որը մեծ ավանդ է ներդրել Երկրորդ համաշխարհայինի տարիներին Լեհաստանում նացիստների հանցագործությունների բացահայտման գործում:











