ԱՄՆ ձկնային պաշարների և վայրի բնության պահպանության ծառայության կենսաբանները Նյու Յորք նահանգի Օնտարիո լճի Օսուիգո նավահանգստում արտասովոր վառ դեղին շերեփաձուկ են բռնել։ Ձուկը հայտնաբերվել է ինվազիվ տեսակների մշտադիտարկման ծրագրի շրջանակում ջրամբարի պլանային հետազոտության ժամանակ, հայտնել են ԱՄՆ ձկնային պաշարների և վայրի բնության պահպանության ծառայությունից։

Արտասովոր գունավորումը պայմանավորված է հազվադեպ գենետիկ վիճակով՝ քսանթոքրոմիզմով։ Գենետիկ մուտացիայի պատճառով բնական գունավորումը ճնշվում է, և ձկան մարմինը բնորոշ մոխրագույնի, ձիթապտղագույնի կամ շագանակագույնի փոխարեն դեղին կամ նարնջագույն երանգ է ստանում։ Վայրի բնության մեջ այս առանձնահատկությունն ավելի հազվադեպ է հանդիպում, քան ալբինիզմը կամ մելանիզմը՝ համապատասխանաբար բնական գունավորման բացակայությունը և մուգ գունանյութի ավելցուկային առաջացումը։
Շերեփաձուկը (Lota lota) քաղցրահամ ջրերի ձուկ է, որը բնակվում է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի սառը գետերում ու լճերում։ Այն սովորաբար կշռում է մոտ 1,4–2,3 կիլոգրամ։ Թեև առաջին հայացքից շերեփաձուկը թեփուկազուրկ է թվում, իրականում նրա մարմինը ծածկված է մանրիկ թեփուկներով։

Շերեփաձուկը Մեծ լճերի տեղաբնիկ տեսակ է, սակայն Օնտարիո լճում դրա պոպուլյացիան խիստ սակավաթիվ է։ Բացի դրանից, այս ձուկը սովորաբար նախընտրում է ավելի խորն ու սառը ջրեր, քան Օսուիգո նավահանգստում են։ Ամերիկյան ծառայության տվյալներով՝ ձուկն այդ նավահանգստում ձկների հետազոտության ընթացքում շերեփաձկան հայտնաբերման առաջին գրանցված դեպքն է, թեև ձկնորսները նախկինում ևս հայտնել են նման որսի մասին։
Հետազոտողները նշում են, որ այս գտածոն ցույց է տալիս ջրամբարների համակարգված մշտադիտարկման կարևորությունը։ Օտարածին տեսակների վաղ հայտնաբերումը մասնագետներին հնարավորություն է տալիս ավելի արագ միջոցներ ձեռնարկել՝ դրանց տարածումը կանխելու համար։





























