«Հայէքսթրիմ -2012» փառատոնն առաջընթաց քայլ է Հայաստանի էքսթրեմալ սպորտաձեւերով զբաղվողների համար, քանի որ էքսթրեմալ ցանկացած սպորտաձեւ ինքնին հանգստի լավագույն տարբերակներից է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի առագաստային ակումբի նախագահ Մհեր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ առագաստային սպորտով զբաղվելու հաճույքը, էքստրիմն այն է, որ կարողանում ես ձեռքի ուժով դիմակայել քամուն՝ մարտահրավեր նետելով բնությանը, միաժամանակ միախառնվելով նրան։
«Արագության ժամանակ ոչ քամու ուժն է զգացվում, ոչ էլ տախտակի առկայությունը՝ մարդը դառնում է նրանց հետ մի ամբողջություն։ Վերանում է մարդու եւ բնության միջեւ սահմանը»,- ասաց Թովմասյանը։
Անդրադառնալով ակումբի գործունեությանը՝ նա նշեց, որ Երեւանի առագաստային ակումբը գործում է 2007 թվականից եւ ուսուցանում է բոլոր ցանկացողներին 7-ից մինչեւ ութսուն տարեկան։
Նրա խոսքով՝ ակումբի մի քանի անդամներ արժանացել են Ռուսաստանի չեմպիոնի կոչմանը։
Թովմասյանն ափսոսանքով նշեց, որ քչերը գիտեն ակումբի մասին, մինչդեռ պատշաճ ճանաչումն ապահովված չէ։ Մինչդեռ արտերկրում ակումբը ճանաչված է։ Այս պահին ակումբի թիվ մեկ խնդիրը միջազգային չափանիշներին հապապատասխանող սերֆինգի տախտակների բացակայությունն է եւ ակումբի սաներն այդ պատճառով չեն կարողանում մասնակցել միջազգային մրցույթների։
«Օրինակ, Արման Բերբերյանն ունի բոլոր հնարավորությունները մրցանակային տեղերից մեկին արժանանալու, երե մասնակցեր Օլիմպիադային»,- նշեց Թովմասյանը։
Նշենք, որ «Հայէքսթրիմ -2012» փառատոնն անցկացվում է «Հայէքսթրիմ» ակումբի նախաձեռնությամբ՝ Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։











