Կամչատկայի բնակչուհին պնդում է, որ իր մեքենան  վթարի է ենթարկվել` բախվելով Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի շարասյանը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի սկզբին, իսկ օգոստոսի 6-ին այդ մասին գրել է «ԱիՖ Կամչատկա» թերթը:

Ըստ Օլգա Կուկլինայի` հուլիսի 4-ին նա գնալիս է եղել Պարատունկա գյուղ: Կնոջ հետ է եղել նրա 6 ամսական երեխան, նրան ազդանշանով կանգնեցրել է ոստիկանական մեքենան, որպեսզի ճանապարհ տա մոտեցող շարասյանը:

«Տոյոտա Հայս» միկրոավտոբուսն անսպասելի ձախ է թեքվել, հարվածել նրա մեքենային եւ ընկել առուն: Դրանից հետո նրա մեքենային են մոտեցել ԱԴԾ-ի աշխատակիցները եւ սկսել ապացուցել, որ պատահարի մեղավորը հենց կինն է: 

Կնոջ մեքենայում տեսագրիչ է դրված եղել, որը գրանցել է վթարը, որի մասին էլ նա հայտնել է նրանց: Դրանից հետո նրանցից մեկն ասել է. «Եթե սրա մոտ դա չլիներ, մենք նրան ցույց կտայինք 37 թվականը…»:

Վթարի հետեւանքով մեքենային հասցված վնասը գնահատել են 319 հազզար ռուբլի, հայտնել է կինը: 120 հազար վճարել է ապահովագրական ընկերությունը, իսկ մնացյալ գումարը կարելի է ստանալ միայն դատարանի միջոցով:

Պաշտոնական զեկույցներում ՌԴ-ի վարչապետի շարասյան մեքենայի հետ բախումը չկա: