Պետերբուրգում գեյ-քարոզչության համար Մադոննային տուգանք է սպառնում: Համերգի կազմակերպիչները կարող են մինչեւ կես միլիոն ռուբլի տուգանք վճարել: Այդ մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնի Օրենսդրական հանձնաժողովի նախագահ Վիտալի Միլոնովը:
Նրա խոսքով` Պետերբուրգի հասարակական կազմակերպությունենրի ներկայացուցիչները մտադիր են դիմել իրավապահներին եւ պահանջել պատասխանատվության ենթարկել ամերիկյան փոփ-դիցուհու համերգի կազմակերպիչներին:
«Շուկայի մերկապարուհին ամեն կերպ ցույց տվեց, որ թքած ունի Պետերբուրգում գործող օրենսդրության վրա: Այսօր մենք մտադիր ենք վարչական իրավախախտման մասին հայց ներկայացնել, իսկ դատարանն արդեն վճիռը կկայացնի», - ասել է Վ. Միլոնովը:
Հիշեցնենք, համերգի ընթացքում Մադոննան համբերատարության եւ կրոնի մասին ճառ է ասել, հետո հանդիսատեսներին կոչ է արել բարձրացնել վարդագույն ժապավեն կապած ձեռքերը:
«Դուք ինձ հե՞տ եք», - դահլիճին է դիմել Մադոննան: Նա ընդգծել է, որ վարդագույն թեւակապերը ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր մարդկանց նկատմամբ հանդուրժողականություն են խորհրդանշում: Դրանք բաժանել են ներս մտնելիս:











