«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջին անգամ չէ, որ այդ հայտարարությամբ հանդես է գալիս, բայց իհարկե մենք այս պահին վարչապետի փոփոխության որեւէ խնդիր չենք տեսնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցությունից Կարինե Աճեմյանը` մեկնաբանելով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, թե իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը: «Կառավարությունը շատ ակտիվ աշխատում է, եւ եթե հետեւենք տնտեսական ցուցանիշներին, որոնք լուսաբանվում են, վարչապետի փոփոխության խնդիրը այս պահին ակտուալ չէ, եւ մեր կուսակցությունում էլ նման հարցադրում չկա»,- նշեց նա:
Իսկ թե ինչ է ընկած ԲՀԿ-ի նման հայտարարության հիմքում, ում են տեսնում վարչապետի պաշտոնին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այդ մասին պետք է հարցնել ԲՀԿ-ին: «Պարբերաբար իրենց պատգամավորների, կուսակցականների կողմից այդ հայտարարությունները հնչել են, հետեւաբար` իրենց պետք է հարցնել, թե ում են տեսնում, ՀՀԿ-ում կուսակցությունում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ ահնդիպմանն ասել է, թե Կառավարության ղեկավարի եւ ծրագրի գործունեության վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել, իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը:




























