Վերջին 20 տարիներին Հայաստանին եւ Ղազախստանին հաջողվել է բարեկամական, դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակ հաստատել: Այդ մասին այսօր` օգոստոսի 27-ին, հայ-ղազախական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիթովը:
Ըստ դիվանագետի` երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների առկայության մասին են վկայում փոխայցելությունները: «Հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները ծագում են դեռեւս Մետաքսի ճանապարհի ժամանակներից: Ղազախստանի կյանքում մեծ դեր է խաղացել նաեւ Լեւոն Միրզոյանը, որը 1937-1938 թթ. եղել է Ղազախստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ-ի առաջին քարտուղարը: 1991 թվականի ղազախ ժողովուրդը շնորհակալությամբ է նշել Միրզոյանի 100-ամյակը, որի պատվին Աստանայում անվանվել են փողոցներ, դպրոցներ, բացվել է նրա կիսանդրին»:
Խոսելով երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին` դեսպանը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 1991 թվականին մասնակցել է ղարաբախյան հարցի կարգավորման գործընթացին: Ինչ վերաբերում է համագործակցության պայմանագրային-իրավական ոլորտին, ապա, ըստ Բոզժիգիթովի, այն բավականին զարգացած է:
Դիվանագետը նաեւ հայտնել է, որ օգոստոսի 27-ից Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում տեղի կունենան երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ:
Այսօրվանից Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում «Քոչվորները» ֆիլմի ցուցադրությամբ կսկսվի «Հայաստանում Ղազախստանի կինոյի օրեր» միջոցառումը: Ֆիլմերը կցուցադրվեն ռուսերենով, մուտքն անվճար է: Օգոստոսի 29-ին Երեւանում տեղի կունենա կոնֆերանս, որին կմասնակցեն Հայաստանի խորհրդարանականները, ԱԳՆ-ի ներկայացուցիչները, քաղաքագետներ եւ փորձագետներ:
Օգոստոսի 27-ին լրանում է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին:




























