Ռուսաստանում Հունգարիայի դեսպանատան դիմաց կայացել է ռուս հասարակայնության բողոքի ակցիան`ուղղված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու դեմ:
Ինչպես NEWS.am-ին հաղորդեց ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մանուկյանը, ակցիային մասնակցել են երիտասարդության եւ մտավորականության մեծ թվով ներկայացուցիչներ: Հունգարիայի դեսպանն ընդունել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Ա. Աբրահամյանը դեսպանին ակցիայի մասնակիցների անունից միջնորդագիր է հանձնել: Ակցիան խաղաղ է ընթացել, առանց միջադեպերի:
2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի ԶՈՒ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտ էր ուղարկվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին մասնակցելու, գիշերը քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006թ. ապրիլի 13-ին Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:
Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին եւ ընդունել իբրեւ ազգային հերոսի:





























