Գյումրիում վերջին տարիներին նկատվում է եւս մեկ ցավալի երեւույթ` կանանց ու հատկապես միայնակ մայրերի Թուրքիա եւ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու դեպքերի աննախադեպ աճ: Եվ որպես կանոն, նրանցից շատերն իրենց մանկահասակ երեխաներին կամ տեղավորում են մանկատներում, կամ թողնում են տարեց տատիկների խնամքին:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անօթեւան եւ սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով այցելել են քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկը:
«Մեր այցելած տասնյակ ընտանիքներից միայն 4-ի մասին պատմող դրվագներ նպատակահարմար համարեցինք ընդգրկել մեր այսօրվա տեսանյութում, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. տեսանյութում ցայտուն կերպով երեւում է այն թշվառությունն ու բարձիթողի վիճակը, որը տիրում է Գյումրիում:
Նշենք նաեւ, որ տեսանյութի վերջում դպրոցը լքելու դրդապատճառների մասին պատմող պատանու դեմքը հասկանալի նկատառումներով որոշեցինք ծածկել»,- նշել են կենտրոնից:











