Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Նրա օգնական Վահագն Հովակիմյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաc, որ Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: Նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Վարդգես Գասպարիի դիմումի քննությունը: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին` պատգամավորական մանդատից զրկելու հարցը քննության առնելուն, ապա Վահագն Հովակիմյանը նշեց, որ այդ մասին Էթիկայի հանձնաժողովը պետք է դիմում ստանա, որպեսզի իրավասություն ունենա քննարկելու:
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 14-ին կարգադրություն է ստորագրել` խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ, եւ ըստ «ԱԺ Կանոնակարգ» օրենքի`հանձնաժողովի նախագահ է նշանակվել հանձնաժողովում ընդգրկված ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը` Նիկոլ Փաշինյանը: Ըստ այդ օրենքի` Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար ռոտացիան կարգով պետք է ղեկավարեն ամենամեծ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Խմբակցությունները առաջադրում են իրենց թեկնածուներին, այնուհետեւ ԱԺ նախագահը որոշում է, թե ով առաջինը կղեկավարի Էթիկայի հանձնաժողովը: Առաջինը Էթիկայի հանձնաժողովը ղեկավարել է Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Վարդան Այվազյանը պատասխան պետք է տա» էջը: Էջին միացած քաղաքացիները պահանջում են ՀՀ Ազգային ժողովից` ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ Վարդան Այվազյանի կողմից բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած բոլոր տեսակի չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու համար:
Դրանից բացի` նրանք պահանջում են ՀՀ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովից` քննության առնել Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը` դրանով իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռելով անկաշկանդ հետաքննություն վարել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության վերաբերյալ:




























