«Փոքր բիզնես» հասկացությունը մայրաքաղաքային բնակչի մոտ  նույնացվում է կրպակների կամ գեղեցկության սրահների հետ: 

Առեւտրի առումով գյուղը քաղաքի համեմատ ունի մեկ առավելություն. գյուղատնտեսական հումքը տեղում է մշակվում: Սակայն գյուղում էլ բիզնեսի կազմակերպման համար պետք է դժվարություններ հաղթահարել:

Վայոց ձորի մարզում ապրում է 56 հազար մարդ:

Մարզն ունի միայն 3 քաղաք եւ 52 գյուղ, արտադրական ձեռնարկություններ` յոթ տասնյակ: Դրանցից մեկը «Արենիի գինու գործարան» ՓԲԸ-ն է` հիմնադրված 1994 թվականին:

Գործարանը տարեկան վերամշակում է 200 տ խաղող, իսկ գինու ծավալը կազմում է  150 հազար շիշ, որոնք մատակարարվում են Մոսկվա, Հայաստան եւ Արցախ: Իրացման մեկ այլ միջոց են զբոսաշրջիկները, որոնց հոսքը հատկապես մեծ է ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում:

Խաղողի գինուց բացի, քիչ քանակությամբ արտադրվում է նաեւ պտուղ-հատապտղային գինի:

Վաճառքի վերաբերյալ «Արենիի գինու գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը նշեց, որ մանրածախ խանութները դժվարությամբ են վերցնում գործարանի արտադրանքը եւ ուշացումով են վճարում ապրանքի դիմաց:

Հարցին, թե ավելի լավ չէ ունենալ սեփական «ֆիրմային» խանութը, զրուցակիցը պատասխանեց, որ փոքր ձեռնարկության համար դա շատ թանկ հաճույք է: Նա նաեւ նշեց, որ հաճախ հանդիպում են գինու պատենդներ: «Արենի» գինին հազար հինգ հարյուր դրամից ցածր չի կարող լինել: Ռաֆիկ Սիմոնյանը նշեց, որ քանիցս պահանջել է գինու որակի ստուգումներ, բայց իզուր:

Ի դեպ, NEWS.am-ի միջոցով ձեռնարկատերը դիմեց կեղծող «արտադրամասերին»` ասելով. Եղբայրներ, ձեր կեղծված արտադրանքին «Արենիի» լոգոտիպ մի փակցրեք:

Արդեն մայրաքաղաքում հետաքրքրվեցինք, թե ինչու գինու  որակը չի ստուգվում, պատասխանեցին, որ դա արվում է միայն բողոք ստացվելուց հետո:

Այնուհետեւ խոսք գնաց վարկերից, զրուցակիցը նշեց, որ առանց վարկերի անհնար է աշխատել: Գյուղում շատերն են զբաղված գինեգործությամբ: Ըստ զրուցակցի` առանց վարկի հնարավոր չէ արտադրություն ունենալ:

Զրույցի վերջում հարցրի, թե արդյոք գինեգործը արտադրանքի վաճառքի հեռանկարներ տեսնում է արտերկրում, ինչին նա պատասխանեց, որ չինական շուկան շատ հեռանկարային է:

Ալբերտ Խաչատրյան