Հայաստանում 59 պանիր արտադրողներ կտուգանվեն «Չանախ» տեսակի պանրում աղիքային ցուպիկի առկայության պատճառով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

Տուգանքը կկազմի յուրաքանչյուրից 450-հազարական դրամ:  Խախտողների ցուցակը կհրապարակվի մոտ ապագայում:

Ստուգումների արդյունքում առգրավվել է ոչնչացման ենթակա 5540 կգ «Չանախ» պանիր:  18 սուբյեկտների կարգադրվել է ժամանակավոր դադարեցնել արտադրությունը: Պանրի փորձնական խմբաքանակ արտադրելուց եւ պետտեսչության լաբորատորիայում «կանաչ լույս» ստանալուց հետո արտադրությունը կարելի կլինի վերսկսել: Բախչագուլյանը նաեւ ընդգծել է, որ արգելքը վերաբերում է  միայն «Չանախ» պանրին: «Մնացած արտադրանքներն ընկերությունները կարող են արտադրել առանց սահմանափակումների»:

Նշենք, տնտեսվարող սուբյեկտների պնդմամբ, խանութներում կարող է գործարանայինի անվան տակ եւ նման փաթեթավորմամբ նաեւ  գյուղական պանիր վաճառվել: Ի պատասխան դրա Բախչագուլյանը նշել է, որ համաձայն գործող օրենսդրության՝ տեսչությունն լիազորված էր ստուգել միայն գրանցված տնտեսվարող սուբյեկտների արտադրանքը:

«Մենք գիտենք, որ կան նաեւ չգրանցված արտադրողներ, բայց տվյալ ստուգման շրջանակում մեր լիազորությունները մեզ թույլ չեն տալիս ինչ-որ քայլ ձեռնարկել. մենք արտադրանքն ենք ստուգել, ոչ թե իրացումը»: