Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայկական կողմից մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ ԽՎ-ի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության մասին թեմայով զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Օրակարգային հաջորդ`ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին եւ 2012թ. ՀԱՊԿ դեկտեմբերյան նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների, Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետեւանքերի, ինչպես նաեւ իրավիճակի հնարավոր սրման դեպքում անվտանգության համակարգի ամրապնդման օրենսդրական եւ կազմակերպչական միջոցների մասին զեկույցներով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդպել է Ղազախստանի Սենատի նախագահ Կայրաթ Մամիի հետ, որը շնորհավորել է Աժ նախագահին վերընտրության առիթով` նշելով, որ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, այս համատեքստում շեշտելով, որ Հայաստանը Ղազախստանի համար կարեւոր գործընկեր է: Պարոն Մամին նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման գործում կարեւոր դեր ունի նաեւ հայ համայնքը. Ղազախստանում ապրում են մոտ 30 հազար հայեր:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների օգտագործմամբ` գործուն կապերի մեխանիզմների ձեւավորումը եւ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջեւ ստորագրված մոտ 30 համաձայնագրերը լավ հիմք են հանդիսանում զարգացնելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:
Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, փոխգործակցությունը խորհրդարանների հանձնաժողովների եւ բարեկամության խմբերի մակարդակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ղազախստանի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան, հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:





























