ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամանել է Նյութաուն, որտեղ 20-ամյա Ադամ Լանզան արյունալի սպանդ էր կազմակերպել Սենդի Հուկ տարրական դպրոցում, որի հետեւանքով զոհվել էին 20 երեխա եւ վեց մեծահասակ:

Նյութաունում գտնվելու առաջին մի քանի ժամը Սպիտակ տան ղեկավարը նվիրել է զոհվածների հարազատներին: Նրանց հետ հանդիպումը տեղի է ունեցել  դպրոցի դասարաններում: Այդ ընթացքում դպրոցի կենտրոնական դահլիճում ընթանում էին գիշերային  հոգեհանգստի  արարողության  նախապատրաստումները: 

Հոգեհանգստին մասնակցել ցանկացողների թիվը մի քանի հարյուրի է հասել, հայտնում է «ԱիՖ»-ը:

 «Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սգո աղոթքի ժամանակ խոսք է տվել համազգային  մակարդակով միջոցներ ձեռնարկել երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Նյութաունի դպրոցի արարողությունն ուղիղ եթերում հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով:

Նա ընդգծել է, որ ուրբաթ օրը 12 աղջնակ եւ ութ տղա, ինչպես նաեւ վեց մեծահասակ սպանած Ադամ Լանզայի զոհերի հիշատակին ազգը պետք է համապատասխան օրենսդրական միջոցներ ձեռնարկի: