Մասնավոր զրույցի ձայնագրության տարածումը դատապարտելի արարք է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, ձայնագրությունը տարածելու փաստի առնչությամբ կարծիքները կարող են տարբեր լինել: «Գուցե ինչ-որ մեկը ներկա է եղել եւ ձայնագրե՞լ է: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ դա Ազգային անվտանգության ծառայության ձեռքի գործն է, ապա ես այդպես չեմ կարծում: Այդ երկուսն այն ապրանքը չեն, որ հետաքրքրեն ԱԱԾ-ին»,-ընդգծեց Սահակյանը:
Հարցին, թե ովքեր են ԱԱԾ-ի համար գաղտնալսելու «ապրանք», ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր սպառնալիք են ազգային անվտանգությանը, իսկ Զուրաբյանն ու Օսկանյանը վտանգ չեն ներկայացնում»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ այս ամենը պետք է ընկալել որպես թյուրիմացություն. «Չի կարելի մարդկանց մասնավոր զրույցը հրապարակայնացնել: Դա վարկաբեկում է ողջ հասարակությանը»,-ասաց նա:
Նշենք, որ նախկին ԱԳ նախարար, այժմ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի միջեւ զրույցի ձայնագրությունը տեղադրվել է YouTube-ում: Զրույցի հիմնական թեման ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքն է ԲՀԿ-ի հետ համագործակցելու, առաջիկ նախագահական ընտրությունների եւ ՀԱԿ-ի կողմից հնարավոր թեկնածուի առաջադրելու վերաբերյալ:
Լրատվամիջոցների կողմից ձայնագրության տարածումից հետո Լեւոն Զուրաբյանն ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում մասին եւս խոսվում է զրույցում, հանդես են եկել հայտարարություններով, որտեղ մեղադրել են ԱԱԾ-ին մասնավոր զրույցները գաղտնալսելու եւ տարածելու մեջ:
Ձայնագրության մեջ Զուրաբյանը հեգնական տոնով է խոսում մարտի 1-ի դեպքերի, մասնավորապես, առաջիկա ընտրարշավում դրանց վրա ուշադրություն սեւեռելու մասին:




























