Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի պրեմիերայի օրվանից 120 տարի է անցել։ Այդ իրադարձության պատվին Google-ը տոնական doodle է տեղադրել իր գլխավոր էջի որոնողական բաժնում, որի վրա պատկերված են այդ հիասքանչ բալետի գործող գլխավոր դեմքերը՝ Մարին, Շչելկունչիկը եւ Մկների թագավորը։ Բացի այդ լոգոյի վրա պատկերված են նաեւ այդ ամանորյա հեքիաթի խորհրդանիշները՝ զարդարված տոնածառ եւ նվերներ։
Հոֆմանի « Շչելկունչիկը եւ մկների թագավորը» հեքիաթի հիման վրա Չայկովսկու կողմից ստեղծված «Շչելկունչիկ» բալետի պրեմիերան տեղի է ունեցել 1892 թվականի դեկտեմբերի 6 (18)-ին Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում։
«Շչելկունչիկ» բալետը ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու հատուկ գործերից է, որը նրա համար դարձավ կյանքի իմաստի արտացոլման յուրատեսակ կետ։ Ժամանակի ընթացքում, 1914 թ. առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո, բալետի բովանդակությունը ռուսականացվել է, գլխավոր հերոսուհին ստացել է Մաշա անունը, իսկ ահա Ֆրիցն այդպես էլ Ֆրից է մնացել, քանի որ այդ բալետում նա չար կերպար է, գրում է «ԵվրոԶԼՄ»-ն։
Հատկանշական է, որ այդ ավանդույթն առանց փոփոխությունների պահպանվել է մինչեւ մեր օրերը, իսկ բալետ- հեքիաթ «Շչելկունչիկ»-ը համարվում է ամանորյա թատրոնային ներկայացումների մեջ լավագույնը, քանի որ իրադարձություններն այնտեղ տեղի են ունենում Սուրբ Ծննդյան նախօրեին եւ այդ պատմությունն իսկապես ունի հեքիաթային երջանիկ ավարտ։











