Մայաների օրացույցի հերթական փուլի ավարտի կապակցությամբ Մեքսիկայի հարավ-արեւելքում զբոսաշրջիկները ուխտագնացություն են կատարել դեպի հնագույն քաղաքակրթության հուշարձաններ:

Յուկատան թերակղզու հյուրանոցները լեփ-լեցուն են եղել: Շատերը դեկտեմբերի 21-ին սպասում էին «աշխարհի վերջին», սակայն  ոչ մի գերբնական երեւույթ տեղի չունեցավ:
Զբոսաշրջիկներն արեւածագի պահին բարձրացել են բուրգերի վրա, որպեսզի  տոնեն 13-րդ Բաքթունի՝ մայաների օրացույցի փուլի ավարտը:

Ամենաշատ այցելուները եղել են մայաների հնագույն Չիչեն Իցա քաղաքում, որը գտնվում է Յուկատանում: Դրա գլխավոր պատմական հուշարձանը Կուկուլկանի 27,5 մ բարձրությամբ բուրգն է: Շատերն այցելել են նաեւ «Տորտուգերո» կղզիախմբի գոտի, որը գտնվում է Տաբասկո նահանգում: Այնտեղ հայտնաբերված գտածոներն են թույլ տվել առաջ քաշել աշխարհի կործանման վարկածները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հնագետները Տաբասկոյում հայտնաբերել էին հիերոգլիֆներ, որոնցում հիշատակվել էր դեկտեմբերի 21-ին մայաների օրացույցի հերթական փուլի ավարտը: 

«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ նոր դարաշրջանը նշել են ազգային պարերով եւ ավանդույթներով: Պերուում օրհնել են դրա գալուստը` օձերին դնելով մայաների օրացույցի մոտ՝ ծիսական երաժշտության ուղեկցությամբ: Գվատեմալայում տեղի բնակիչները խարույկների  շուրջ պարել են: Իսկ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում զբոսաշրջիկները պարզապես աղոթում էին:  Ամենախորհրդավոր ծիսակարգերը մեքսիկական լքված Թեոթիուկան քաղաքում են եղել: 
Այստեղ ծիսակատարություններ են տեղի ունեցել ոչ միայն մայաների օրացույցի հերթական փուլի ավարտի պատվին, այլեւ՝ ձմեռային գիշերահավասարի, որը համըննում էր «աշխարհի վերջի» օրվան։
Արտասովոր եւ ոչ միանշանակ դեկտեմբերի 21 ամսաթիվը Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներում` մայաների հայրենիքում, «աշխարհի վերջ» չեն համարում, այլ՝ ժամանակաշրջանի փոփոխություն: