Սկոպյեում Մակեդոնիայի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած խռովությունների հետեւանքով տուժել է 11 ոստիկան։ Օրինապահները փորձել են զսպել երկրի՝ 2013 թվականի բյուջեի ընդունման, ինչպես կողմնակից, այնպես էլ դեմ հանդես եկող ցուցարարներին։ ՆԳՆ տվյալներով՝ վնասվածք են ստացել նաեւ քաղաքացիական անձինք, անկարգություններ կազմակերպող որոշ մասնակիցներ կալանավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես գրում է The Washington Post-ը, խորհրդարանի ներսում իշխող կոալիցիայի պատգամավորները ծեծկռտուք են ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական միության (ՍԴՄՄ) ներկայացուցիչների հետ, որոնք շրջափակել էին նիստերի դահլիճը։ Այդ ընդհարման ժամանակ վնասվածք է ստացել երկու կին՝ նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռադմիլա Շեկերինսկայան եւ պատգամավոր Վեսնա Բենդեւսկայան։ Ավելի վաղ ընդդիմությունն առաջարկել էր բյուջեի նախագծում 1,2 հազար փոփոխություններ անել՝ ծախսերը 204 միլիոն եվրոյով կրճատելու համար։ Ուղղումները մերժվել են։
Հաջորդ տարվա բյուջեն ընդունվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիրներին ու խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողներին հեռացրել են նիստերի դահլիճից։ Ըստ այդմ, Մակեդոնիայի 2013 թվականի բյուջեի ծախսերը կկազմեն մոտ 2,7 միլիարդ եվրո, պակասուրդը, ըստ ամենայնի, կկազմի ՀՆԱ-ի 3,5 տոկոսը։ Ընդդիմության առաջնորդ Բրանկո Ցրվենկովսկին հայտարարել է, որ այլեւս չի մասնակցի խորհրդարանի աշխատանքին, հաղորդում է NEWSru.com-ը։
Նա մակեդոնացիներին անհնազանդության եւ ազգային ապստամբության կոչ է արել՝ վարչապետ Նիկոլ Գրուեւսկիին համեմատելով Սերբիայի նախկին առաջնորդ Սլոբոդան Միլոշեւիչի հետ։ Իշխող կոալիցիան իր հերթին հայտարարություն է արել, որում մեղադրել է Ցրվենկովսկիին՝ բռնության եւ սադրիչ գործողությունների միջոցով օրինական կառավարության գործունեությունը տապալման փորձի մեջ։











