Այսօր` դեկտեմբերի 28-ին,  Կինոյի միջազգային օրն է, այդ զարմանահրաշ արվեստի աշխատակիցների եւ սիրահարների տոնն ամբողջ աշխարհում: 

1895թ. դեկտեմբերի 28-ին Փարիզի Կապուցինոկ (այլ ոչ թե Կապուցինների, ինչպես շատերն են ա) ճեմուղու  «Գրանդ կաֆեում» տեղի է ունեցել Լյումեր եղբայրների սինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը:  Հենց այդ ամսաթիվն էլ դարձել է Կինոյի միջազգային տոնի օրը, հայտնում է Calend-ը: Պետք է նշել, որ դա նաեւ աշխարհում առաջին վճարովի կինոդիտումն է եղել: 

Այդ օրը ներկայացվել է աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սիոտա կայարան»: Ֆիլմի ցուցադրությունը հանդիսատեսների շրջանում իսկական խուճապ է առաջացրել. նրանք փախել են դահլիճից՝ վախենալով, որ  էկրանից մոտեցող գնացքը կճզմի իրենց…

Այդ օրվանից կինեմատոգրաֆիան զարգացման մեծ ուղի է անցել եւ  բազմաթիվ փոփոխությունների ենթարկվել.  Համր կինոյից մինչեւ հնչյունային, սեւ-սպիտակից մինչեւ գունավոր,  ժապավենայինից՝ թվային: Ֆիլմերը տարբեր ժանրի են լինում` գիտական, փաստագրական, հրապարակախոսական, գեղարվեստական: Իսկ ամբողջ աշխարհում  տեղի են ունենում բազմաթիվ կինոփառատոներ` «Օսկար», «Ոսկե արմավենին» Կաննի, Վենետիկի միջազգային կինոփառատոնը, «Բեռլինալեն», Լյումեր եղբայրների անվան կինոփառատոնը եւ այլն:  Աշխարհի տարբեր երկրներում  նշում են նաեւ ազգային կինեմատոգրաֆիայի տոները: