Ոստիկանները հայտնաբերել են  քաղաքացիներից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 330.000 դոլար կորզած խարդախին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի եւ Արաբկիրի բաժիններում այս տարվա առաջին կեսերից ստացվում է խոշոր չափի խարդախությունների վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդումներ: Հաղորդումները մանրամասն ուսումնասիրելուց հետո ոստիկանները հանգեցին եզրակացության, որ խարդախությունները կազմակերպվում եւ իրագործվում են նույն անձի կողմից նույն մեխանիզմով:

Ավելի քան 5 ամիս տեւած գործողություններից հետո պարզվեց, որ  ոմն քոչարցի Սպո Երեւանի քաղաքի տարբեր համայնքներում 2011-2012թթ կատարել է մի շարք խարդախություններ: Նրան հայտնաբերել են Կապանում եւ տեղափոխել Երեւան:

Հրաչյա Քոչարի փողոցի բնակիչ 27-ամյա Սպարտակ Դանիելյանը 2011-2012թթ Երեւանի տարբեր համայնքներում կատարել է խոշոր չափերի ավելի քան 10 խարդախություն: Բնակարաններ գնել ցանկացողներին հասցված վնասը մոտ 330 հազար դոլար է կազմել, այդ գումարով նա թանկարժեք մեքենա է գնել, իսկ մեծ մասն էլ տանուլ տվել խաղատներում եւ բուքմեյքերական ընկերություններում:

Սպարտակ Դանիելյանը կալանավորված է , կատարվում է նախաքննություն: