Անչափահաս Սարգիս Առաքելյանի մայրը Դոնի Ռոստով քաղաքում հրաժարվել է նրանից: Իսկ, երբ Սարգիսը ՀՀ ոստիկանության ջանքերով տեղափոխվել է հայրենիք, տեղեկացել է, որ հայրը եւս հրաժարվել է նրանից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի ներքին գործերի վարչությունից Հայաստանի արտաքին գործերի նախարարություն գրություն է ստացվել, որտեղ խնդրել են աջակցել ՀՀ քաղաքացի, անչափահաս Սարգիս Առաքելյանին հայրենիք տեղափոխելու հարցում: Գրությունը ուղարկվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Ոստիկանության աշխատակիցը մեկնել է Դոնի Ռոստով, եւ դեկտեմբերի 25-ին Սարգիս Առաքելյանը ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ վերադարձել է հայրենիք: Իսկ մինչեւ այդ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցները պարզել են նրա Դոնի Ռոստովում հայտնվելու հանգամանքները: Հայտնաբերել են նաեւ նրա հորը` Կոմիտաս Առաքելյանին, որը բնակվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Սարգիսը Դոնի Ռոստովում բնակվել է մոր` Անահիտ Գասպարյանի հետ:
Որդին խանգարել էր, որ մայրն ազատ զբաղվի անձնական հարցերով եւ նրանց միջեւ տարաձայնություն է առաջացել: Անահիտ Գասպարյանը Դոնի Ռոստովի Վորոշիլովսկի շրջանի կրթության բաժնում ծնողական իարավուքներից հրաժարվելու դիմում էր ներկայացրել պատճառաբանելով, թե չի կարող զբաղվել տղայի դաստիրակությամբ: Ծնողական խնամքից զրկված պատանին հայտնվել է ներքին գործերի վարչության իրավախախտ անչափահասների ժամանակավոր կացարանում: Հայաստանում տղայից հրաժարվել էր նաեւ հայրը` պատճառաբանելով, որ նոր ընտանիք ունի, երեխաներ, իսկ ավագ որդու մասին լսել չի ուզում: Սարգիսը Հայաստան վերադառնալուց հետո տեղափոխվել է Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն: Ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցները հանդիպելով տղային հասկացել են, որ նրա հանդարտ կեցվածքը խաբուսիկ է` ցավ, վիրավորանք, տխրություն, անհանգստություն: Սարգիսն ասել է, թե, երեւի, հոգնեցրել է մորը, այդ պատճառով էլ հրաժարվել է իրենից: Գիտի, որ իրենից հրաժարվել է նաեւ հայրը եւ այդ մասին գրություն է թողել ոստիկանությունում: Բայց եւ հույս ունի հանդիպել նրան: «Ուզում եմ պարզապես նայել դեմքին»,-ասել է Սարգիսը:











