Նյու Յորքում հունվարի 9-ին նավաբեկության ենթարկված լաստանավի տուժածների թիվը հասել է 74-ի: Երկուսն օրհասական վիճակում են, իննի վիճակն էլ գնահատվում է ծանր: Ավելի վաղ հաղորդվել էր 57 տուժածների մասին:
NBC News-ը հաղորդում է, որ Seastreak ընկերության նավում եղել է 326 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամներ, նավն ուղեւորներին Նյու Ջերսի նահանգից Նյու Յորք էր տեղափոխում: Տեղական ժամանակով ժամը 8:45-ին (Երեւանի ժամանակով` 17:45) այն բախվել է Ներքին Մանհեթանի նավահանգստին` Ուոլ Սթրիթից ոչ հեռու: Ուժեղ հարվածի հետեւանքով շատ ուղեւորներ գլխի եւ պարանոցի վնասվածքներ են ստացել:
Վթարի պատճառը դեռեւս չի պարզվել, հայտնում է «Ռոսբալտը»:
Նավապետը եւ անձնակազմի մյուս անդամները հրաժարվել են լրագրողներին մեկնաբանություն տալ: Ոստիկանությունում հայտնել են, որ վթարից անմիջապես հետո անձնակազմի անդամները արյան մեջ ալկոհոլի պարունակության թեստ են անցել, որը բացասական արդյունք է ցույց տվել:











