Հունվարի 11-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Երեւան քաղաքի վարչության եւ տարածքային բաժինների 2012 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը:

Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Հաշվետու շրջանի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:

2012 թ.  մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն, որը 697 դեպքով կամ 8.3%-ով պակաս է նախորդ տարվանից, այդ թվում՝ ծանր հանցադեպերի քանակը նվազել է 950 դեպքով, իսկ առանձնապես ծանրերը` 305-ով:

921 դեպքով կամ 15.3%-ով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործություները:

Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 452-ով կամ  29.6%-ով, 111 դեպքով աճել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, ծանր մարմնական վնասվածքների թիվը նվազել է 2-ով:

Դիտավորյալ սպանությունների թիվը մնացել է անփոփոխ` 19, իսկ սպանության փորձերը նվազելեն 1-ով:

2012 թ. նախկին տարիների կասեցված քրեական գործերով բացահայտման ընդհանուր թիվն աճել է  81-ով կամ  16,8%-ով, ընդ որում վերոհիշյալ բացահայտված գործերից միայն 52-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով:

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում Երեւան քաղաքում հայտնաբերվել է 179 հանցավոր խումբ՝ 492 անձով, որոնց կողմից կատարվել է 541 հանցագործություն:

Վլադիմիր  Գասպարյանը դրական գնահատեց Երեւանի կայազորի աշխատանքն անցած տարում եւ նախանշեց 2013 թվականի ծրագրի հիմնական ուղղությունները:

Խորհրդակցության ընթացքում տեղի ունեցավ առարկայական քննարկում՝ մանրամասն վերլուծվեցին հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ստորաբաժանումների իրականացրած գործողությունները, հասարակական հնչողություն ստացած հանցագործությունների բացահայտման ընթացքը, ոստիկանության մայրաքաղաքային կառույցում առկա թերացումներն ու բացթողումները, կադրային, կազմակերպչական եւ մի շարք այլ խնդիրներ:

Ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին տվեց համապատասխան ցուցումներ եւ կոնկրետ հանձնարարականներ: