Երեւանում կարելի է հանդիպել ամենահետաքրքիր եւ տարօրինակ անուններով տաքսի ծառայությունների, բայց արի ու տես, որ դրանց մեջ կարող են գտնվել այնպիսիք, որոնց անվանումը ինչ-որ պատմություն ունի:
«Սուպեր պապիկ» անունով տաքսին Երեւանում միակն է, վարորդն էլ` 67-ամյա Միշա Կարապետյանը` 5 թոռնատեր «սուպեր պապիկ»: Տաքսի ծառայության անվանումը հենց թոռնիկներն են առաջարկել` պատճառաբանելով, որ նա իրենց համար «սուպեր պապիկ է». «Ասում են` մեզ մեծացնում ես, մեզ պահում ես, մեզ ամեն ինչով օգնում ես, մեզ համար սուպեր պապիկ ես: Եթե էս տարիքիս, էս վիճակով կարողանում եմ աշխատել, օգտակար լինեմ իրենց, ուրեմն ես սուպեր պապիկ եմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Միշա Կարապետյանը:
Մեքենայի վրա գրված «Սուպեր պապիկ» անվանումը որեւէ հաճախորդի, նույնիսկ` ոստիկաններին, անտարբեր չի թողնում: «Սուպեր պապիկը» պատմեց, որ հաճախ են կանգնեցնում, հարցնում, թե ինչու է նման անվանում դրել, հետաքրքրվում եւ այլն:
Նա 49 տարի վարորդ է աշխատել, բայց արդեն 2 տարի է` ինչ քաղաքի միակ «Սուպեր պապիկն» է վարում: Հաճախորդների պակաս չունի, գաղտնիքը, ինչպես ինքը ասաց, բարեհամբույր վերաբերմունքն է, ինչպես նաեւ այն, որ իր մոտ միշտ «մանր» լինում է:
Միշա Կարապետյանը չի բողոքում իր աշխատանքից եւ վաստակած գումարից, ինչպես ինքն է նշում` բավարարվում է Աստծո տվածով: Իսկ թոռներին այցելելիս երբեք չի մոռանում նրանց քաղցրեղեն եւ այլ համով բաներ տանել:











