Սյունիքի մարզում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած զինծառայող 23-ամյա զինծառայող Դ. Կ.-ն Շիրակի մարզից էր:
Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Դ. Կ.-ն մի քանի տարի առաջ էր պայմանագրային ծառայության անցել Զինված ուժերում: Նրա փոքր եղբայրը ևս պայմանագրային է: «Իրենք երեք երեխա են՝ 2 եղբայր և 1 քույր: Մեծը քույրն է, ամուսնացած է: Իրենք՝ եղբայրներով որպես պայմանագրային մտել էին ՊՆ:
Այսօր դեպքի մասին լսեցինք ու սարսափած ենք, երբեք չէինք պատկերացնի նման բան: Մի ամիս առաջ իր ծնունդն էր՝ 23-ամյակը ու հիմա նման սարսափելի դեպք: Ամբողջ գյուղը ցավում է, սգում է, ուշքի չենք գալիս»,- ասաց բնակիչներից մեկը:
Նրանք նաև հավելեցին, որ իրենց տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել դիրքում. «Լսեցինք, որ Իշխանասարի հատվածում վիճաբանել են, հետո նռնակ է պայթել...»:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Մեր տեղեկություններով, նռնակի պայթյունին նախորդել է զինծառայողների միջև վիճաբանություն։




























