Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը, սակայն Երևանը պետք է կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կամ Եվրոպական միությանը (ԵՄ) իր մասնակցության հարցում, քանի որ այդ միավորումների չափանիշներն անհամատեղելի են։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ինքնիշխան բոլոր իրավունքներին, սակայն միևնույն ժամանակ Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և այլ չափանիշների նկատմամավ աստիճանական վերակողմնորոշումը ամենատարբեր ոլորտներում չի համապատասխանելու ԵԱՏՄ չափորոշիչներին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով․ «Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ ընտրություն կատարելն անչափ կարևոր է»։
«Ու չափազանց կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկը հակասության մեջ չմտնի բոլորիս համար կարևոր այս ինտեգրացիոն միավորման կանոնների, չափորոշիչների ու սկզբունքների հետ»,- շեշտել է Պեսկովը։





























