Նախկին մոդել եւ «Միսս Բոլիվիա-2006» տիտղոսակիր 28-ամյա Ջեսիկա Յորդանը «Շարժում դեպի սոցիալիզմ» իշխող կուսակցության կողմից առաջադրվել է Բենիի նահանգապետի թեկնածու: 

«Ռոսբալտը», վկայակոչելով AP-ին, հայտնում է, որ Ջեսիկան մոդելի կարիերան սկսել է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, գեղեցկության մրցույթների է մասնակցել հայրենիքում եւ արտասահմանում:  Ջեսիկան խոստովանում է, որ քաղաքացիական ակտիվությունը անձնական կյանքից կարեւոր է համարում, եւ այժմ պատրաստվում է իրեն ամբողջությամբ նվիրել քաղաքականությանը, աջակցել Բենի նահանգի զարգացմանը:

Սակայն տեսագրությունում երեւում է, որ Բենիի բնակիչների հետ նրա հանդիպումը հարթ չի ընթացել, միջամտել է ոստիկանությունը:

Ինչպես եւ երկու տարի առաջ, Յորդանի թեկնածությունն աջակցում է երկրի նախագահ Էվո Մորալեսը: 2010թ. «Միսս Բոլիվիան» արդեն առաջադրվել էր նահանգապետի պաշտոնում սոցիալիստական կուսակցության կողմից, սակայն պարտվել էր: 

Ջեսիկա Յորդանը միակ գեղեցկուհին չէ, որ ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ: Ամենահայտնի նախորդներն են Իրենե Սաենսը` Միսս Վենեսուելա 1981-ը, եւ Սառա Փեյլինը` Միսս Վասիլա 1984-ը (փոքրիկ քաղաք ԱՄՆ-ում), որը Միսս Ալյասկա մրցույթում զբաղեցրել էր երկրորդ տեղը:  Սառա Փեյլինը եղել է Ալյասկայի նահանգապետ 2006-2009թթ.: